Զինծառայողների աջակցության ծրագրի շրջանակներում 2020-ին բնակարան է ձեռք բերել 223 զինծառայող, 2021-ին՝ 249, 2022-ին՝ 558 զինծառայող: Այս պահին ծրագրից օգտվել է 1130 զինծառայող, որի մեջ չի մտնում 2023-ը: Այդ մասին այսօր կառավարության նիստում տեղեկացրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա ներկայացմամբ, ծրագիրը վերաբերում է նաև կրտսեր սպայական կազմին։

Կառավարության նիստում այսօր որոշվեց փոփոխություն կատարել այդ աջակցության ծրագրում, որի համաձայն, մասնավորապես, հիփոթեքային վարկ վերցրած զինծառայողը կստանա 2.5 մլն դրամ, նախկին վարկի 10 տոկոսի փոխարեն, որի միջինացված արժեքը կազմում էր 2 մլն 238 հազար դրամ, իսկ վարկի տոկոսադրույքը սահմանվում է 5 տոկոս՝ նախկին 3 տոկոսի փոխարեն։

«Եթե առաջ հիփոթեքային վարկ վերցրած զինծառայողներին աջակցելու համար վիճակահանություն էր իրականացվում, ապա հիմա արդեն երկրորդ տարին է, բոլորի հայտերը բավարարում ենք, վիճակահանության մասը դուրս է եկել«, -այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա իրականացվում է բյուջեի հնարավորությունների սահմաններում:

Փաշինյանը կանխատեսել է, որ այս ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը էլ ավելի կմեծանա, քանի որ զինծառայողների աշխատավարձերը բարձրանում են կամավոր ատեստավորման արդյունքում. «Եթե այս տեմպը պահենք, շատ շուտով կարձանագրենք, որ զինծառայողների բնակարանային ապահովվածության հարցը ոչ միայն լուծվել է, այլեւ մեխանիզմ է դրվել նաեւ հետագայի համար»,-նծել է նա:

Նրա ներկայացմամբ, նախորդ տարվանից Վազգեն Սարգսյան ռազմական ակադեմիա ընդունված կուրսանտները, եթե ծառայության անցնեն Զինված ուժերում, կստանան բնակարան։ «Այսինքն ոչ թե հիփոթեքային վարկով, այլ կստանան բնակարան։ Այս բոլոր մեխանիզմներով գործնականում մենք մեր սպայական կազմի բնակարանային ապահովության հարցը կլուծենք։ Սակայն, ես ուզում եմ ընդգծել, որ այս հիփոթեքային ծրագիրը, որն այսօր քննարկում ենք, վերաբերում է ոչ միայն սպայական կազմին, այլ, ընդհանրապես, զինծառայության մեջ գտնվողներին»,-նկատել է վարչապետը։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest