Սովից, պատերազմից ու հոգեբանական խնդիրներից հետո Արցախից Հայաստան հասած Ռաֆիկ Մարտիրոսյանին այժմ էլ տանջում է եղբոր մասին որևէ տեղեկություն չունենալու փաստը։ 66-ամյա տղամարդը Forrights.am-ի հետ զրույցում պատմում է, որ արդեն երկու ամիս ավելի է, ինչ առողջական խնդիրներ ունեցող եղբոր՝ Ռաշիդ Մարտիրոսյանի մասին լուր չունի։
«Եղբայրս չկա հիվանդ երեխայի հետ, կինն էլ մահացած է։ Ես դուրս գալուց գնացել եմ, ինքը տանը չի եղել, դուռը բաց էր, ինքը դուրս էր եկել տնից, չեմ իմանում տեղը։ Չգիտեմ՝ Արցախում է, թե չէ, հեռախոս չունի»,-ասաց Ռաֆիկ Մարտիրոսյանը։
Ռաշիդ Մարտիրոսյանը եղբոր՝ Ռաֆիկի տուն վերջին անգամ այցելել է սեպտեմբերի 20-ին։ Սակայն դրանից հետո Արցախում պատերազմական իրավիճակով պայմանավորված եղբայրներին չի հաջողվել հանդիպել միմյանց։
Ես սեպտեմբերի 25-ին եմ դուրս եկել Արցախից, իրեն չեմ տեսել։ Սեպտեմբերի 19-ին երբ սկսեցին կրակել, մի երկու անգամ եկել է մեր տուն ու դրանից հետո չեմ տեսել։ Սեպտեմբերի 21-ից տեղը չգիտենք։ Մի անգամ եկել է մեր տուն, ես տանը չեմ եղել, ասել է՝ գնում է գրանցվի, որ գա Հայաստան, տեղեկություն չունենք»,-ասաց Ռաֆիկ Մարտիրոսյանը և նշեց՝ հարսը փորձել է համացանցում և պետական գերատեսչություններում Ռաշիդ Մարտիրոսյանի մասին տեղեկություններ ստանալ, բայց ապարդյուն՝ որևէ մեկը տեղեկություն չունի։
«Սուս արած մարդ է, կարող է մնացած էլ լինի, որ տեղ չլինի նստի, գա Հայաստան»,-ասաց եղբայրը։
Ռաշիդ Մարտիրոսյանը Ստեփանակերտում բնակվել է երեխայի հետ։ Երկուսն էլ առողջական խնդիրներ ունեն, Ռաֆիկ Մարտիրոսյանը տեղեկություններ չունի նաև եղբոր երեխայի գտնվելու մասին։ Չճշտված տեղեկություններ կան, որ մայրական կողմի հարազատները իրենց հետ բերել են Հայաստան, սակայն, երկու ամիս է՝ չեն կարողանում գտնել։
Մարտիրոսյաններն այժմ բնակություն են հաստաել Արարարտի մարզի Լանջազատ գյուղում, տուն են վարձել, որի արժեքը 300 հազար դրամ է, հարազատներով են ապրում՝ մի քանի ընտանիք, վարձը բաժանում են միմյանց միջև։
Ռաֆիկ Մարտիրոսյանն Արցախ վերադառնալու պլաններ ունի։ «Ես չէի ուզում գալ, տղաս ասաց՝ մնում ես, ինչ անես։ Ես ուզում էի մնալ Արցախում, որ հնարավորություն լինի ես էլի կգնամ, միայն այնտեղ թուրքի կտոր չմնա։ Բոլորն ասում են՝ արցախցիները վերադառնան, կվերադառնա՛նք, եթե Հակարիի կամուրջից մինչև Աղդամի վերջը թուրք չլինի»,-միայն թե 66-ամյա տղամարդը դժվարանում է ասել՝ նման ժամանակներ կլինեն, թե՝ չէ, մինչ այդ նոր խոսել սովորող թոռնիկի խոսքերով է սփոփվում։
«Փոքր թոռս նոր-նոր սկսել է խոսել, բառեր է ասում, ինձ մեկ Ռաֆիկ է ասում, մեկ պապիկ է ասում, ասում է՝ Ռաֆիկ Քելբաջարն էլի մերն է լինելու, ես էլ ասում եմ՝ Բաքուն էլ է մերը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։