Նոյեմբերի 23-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԼՂ-ից տեղահանվածների արտագաղթ Հայաստանից չկա։
«Պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք վերլուծում ու տեսնում ենք, որ ԼՂ-ից տեղահանվածների հոսք Հայաստանից չկա, այսինքն արտագաղթի երևույթներ չկան։ Առաջին օրերին կար գնացողների բավականին անհանգստացնող թիվ, բայց մենք ենթադրում էինք, որ շատ դեպքերում, մարդիկ ուղղակի այցելում են հարազատների հրավերով և վերադառնում են»,- ասաց ՀՀ վարչապետը։
Վարչապետը շեշտեց, որ քաղաքականությունը ԼՂ-ից բռնի տեղահանված «մեր քույրերի ու եղբայրների» վերաբերյալ հետևյալն է՝ այն պայմաններում, երբ նրանք օբյեկտիվ հնարավորություն չունենան ԼՂ վերադառնալ, ամեն ինչ պետք է անենք, որ նրանք մնան ՀՀ-ում։
Իրականությունը, սակայն այլ է։ Տպավորություն է, թե ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որ Արցախից տեղահանվածները բռնեն օտար ճամփաները։ Սեպտեմբերի 19-20-ից հետո բռնի տեղահանվածները ընկել են բյուրոկրատական անվերջանալի քաշքշուկի մեջ և չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք աջակցությունը, իսկ 44-օրյա պատերազմից հետո ներգաղթածները չունեն ապրելու միջոց, չեն ստանում թոշակ, բնակվարձ, նպաստ։
Զոհված զինծառայողի մայր Գյուլվարդ Աթայանը նրանցից մեկն է։ Նա ծնունդով Շուշիից է։ Վերջին երեք տարում երեք անգամ տեղահանվել է։ Վերջին անգամ 2023 թվականի հունիսի 6-ին է տեղահանվել։ Նրան և մայրիկին Հայաստան է բերել «Կարմիր Խաչը»։ 85 տարեկան կույր մայրիկը շտապ վիրահատության կարիք ուներ։ «4 անգամ վիրահատել են, մի աչքը հեռացրել են, մյուս աչքն էլ 30 տոկոսով է տեսնում»․ — բացատրում է Գյուլվարդը։
Նրա որդին՝ Շուշիի Արտակարգ իրավիճակների ծառայության երրորդ պահակախմբի պետ, ավագ լեյտենանտ Արայիկ Հակոբյանը զոհվել է նոյեմբերի 6-ին, Շուշիում, պատերազմի ավարտից 4 օր առաջ։
Այսօր ընտանիքը ՝ Արայիկի 3 երեխաները, կինը, մայրը, տատը՝ զրկված են ապրուստի տարրական միջոցներից։ Գյուլվարդը ապրում է Աբովյանում, վարձով բնակարանում, որի համար ընտանիքը ամիսը 150 հազար դրամ է վճարում։ Գյուրվարդի հետ բնակվում է նրա կույր մայրը՝ 85 տարեկան, որը մշտապես բժշկական խնամքի կարիք ունի։ Բայց Գյուրվարդը պետության աջակցության ծրագրերից, որոնց մասին սիրում է պարծանքով խոսել ՀՀ վարչապետը, չի օգտվում։ Ոչ նա, ոչ նրա մայրը երեք ամիս է, թոշակ չեն ստացել, քանի որ Արցախի Հանրապետության պետական մարմինները լուծարված են։
Արցախում Գյուլվարդն ու մայրը թոշակառու էին։ Զոհված որդու համար էլ կինը ամիսը 50 հազար դրամ նպաստ էր ստանում։ Հայաստանում նրանք ոչինչ չեն ստանում և միայն մեկ պետական դռնից մյուսն են վազում, հույսով, որ կվերականգնվի արդարությունը, և ՀՀ կառավարությունը կնկատի իրենց։ «Ես իմ, մամայիս ու որդուս թոշակի համար մի քանի անգամ գնացել եմ Աբովյան փողոց, Արցախի կառավարության օպերատիվ շտաբ, փաստաթղթերս եմ ներկայացրել, սպասել եմ, հետո գնացել եմ՝ բայց շտաբի պետը ինձ ասել է, որ ոչ մի թուղթ չի ստացել։ Չգիտեմ, կորցրել են, ինչ իմ թղթերը։ Եկել եմ Հայաստանի սոցապ, ինձ ասեցին՝ դու Արցախի անձնագիր ունես, պետք է Հայաստանի քաղաքացի լինես, որ թոշակդ տանք։ 100 հազարն էլ մեզ չտվեցին, որովհետև մեզ «Կարմիր խաչն» է բերել, հունիսին, ոչ թե սեպտեմբերից 20-ի հեռո։ էսօր ես մնացել եմ օդում, առանց միջոցների», — գանգատվում է Գյուլվարը։
Աբովյանի տան տիրոջը երեք ամսվա գումար է պարտք։ «Բարի մարդ է, մեզ դուրս չի անում, բայց ինչքա՞ն էսպես ապրենք», — ասում է կինը Forrights.am-ին։
Նա ապրում է ազգականների ողորմածությամբ, որոնցից ամաչում է գումար վերցնել։
Փաստորեն, արցախցիները, որոնց հետ մենք զրուցում ենք, բողոքում են, որ վատ վիճակում են, բայց երկրում արտագաղթ չկա։ Սա նշանակում է ՝ կառավարությունը լավ է աշխատում, Փաշինյանն էլ ասում է՝ արտագաղթ չկա։
Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանին խնդրեցինք մեկնաբանել այս հակասությունը։
«Առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը ասում է իրականությունից կտրված ինֆորմացիա, որ որպես դրական ձևակերպի կառավարության աշխատանքները։ Եթե արտագաղթը կանգնել է, ապա, ինձ թվում է, նա զուգահեռ պետք է ներկայացնի, թե ինչքան է բարձրացել զբաղվածությունը արցախցիների շրջանում։ Բայց արցախցիների անձնագրով նրանց չեն ընդունում որևէ պետական աշխատանքի։ Այնպես չէ, որ մարդիկ իրենց բիզնեսն ունեն, կամ սկսել են աշխատել, ու այն պետական աջակցության միջոցները, որ նրանց տրվում է, բավական են Հայաստանում ապրելու համար։ Այդ գումարները կյանքի մինիմալ պայմանները ապաովելու հետ անհամատեղելի են։ Հետևապես, հասկանալի չէ, թե ինչու պետք է արտագաղթը կանգնի։ Մեր ունեցած ինֆորմացիայով, մարդիկ արտագաղթում են, որովհետև ոչ կարողանում են բնակարան գտնել, ոչ էլ աշխատանք։ Մենք գիտենք մի քանի ընտանիքներ, որոնք հիմա Կրասնոդառ քաղաքում են։ Նրանք ասում են, որ այնտեղ բնակվարձը էապես ցածր է Երևանի և ՀՀ այլ քաղաքների գներից», — ասում է նախկին պատգամավորը։
Սյուզան Սիմոնյան