նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված թոշակառուները հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների կենսաթոշակը կկարողանան միասին ստանալ դեկտեմբերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ նիստում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:
Ներկայումս Հայաստանի տարածքում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն ստանալու պետական նպաստներ և դրամական այլ օգնություններ, նաև կենսաթոշակային ապահովության իրավունք, եթե բավարարում են օրենսդրությամբ սահմանված պահանջները: Սակայն, նախարարի խոսքով, հաշվի առնելով բռնի տեղահանված հայրենակիցների մեծ թիվը, նրանց սոցիալական խնդիրներն օր առաջ լուծելու հարցի հրատապությունը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսդրական որոշ կարգավորումներ, լիազորություն վերապահել կառավարությանը՝ սահմանելու փախստականների կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերի առանձնահատկությունները:
«Նախատեսվում է Հայաստանում կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառել ԼՂ տարածքում ձեռք բերված աշխատանքային և այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները՝ կառավարության սահմանած կարգով: Կառավարությունը կսահմանի նաև ԼՂ տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները»,-ասաց Մկրտչյանը:
Հայաստանում կենսաթոշակ նշանակվում է անձամբ ներկայացված դիմումի հիման վրա: Հաշվի առնելով շահառուների մեծ թիվը՝ հնարավորություն կլինի կառավարության որոշմամբ՝ ԼՂ-ում նշանակված կենսաթոշակները օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակել առցանց դիմումի հիման վրա՝ առանց ստաժը վերահաշվարկելու:
Նախագծով սահմանվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգերում ծառայած անձինք, քրեակատարողական ծառայողները և դատական ակտերի հարկադիր կատարողներն օրենքով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում ունեն զինվորական կենսաթոշակի իրավունք:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների թոշակները ստանալո՞ւ են ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիները:
«Կհամադրենք մեզ հասանելի բոլոր հնարավոր տվյալները, և, եթե կհասկանանք, որ իրենք ունեցել են կենսաթոշակի, նպաստի իրավունք, կշարունակեն ստանալ: Ես կարծում եմ, որ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներինը միասին վերահաշվարկած դեկտեմբեր ամսին կկարողանան ստանալ»,-պատասխանեց նախարարը:
Այսպիսով՝ ըստ նրա՝ նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունումից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցները հնարավորություն կունենան իրենց կենսաթոշակները ստանալ: «Մենք կփորձենք հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար վճարումներն իրականացնել»,-եզրափակեց Մկրտչյանը
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: