«Ինձ զրկել են բուժումից, անձնագրից, կյանքից, թոշակից, որը 6 տարի է` ծախսում եմ անմեղությունս ապացուցելու համար։ Խնդրում եմ դատարան հրավիրել քննիչին, թող այս ամենի համար պատասխան տա»:
Նոյեմբերի 17-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վաղարշապատի նստավայրում առաջին կարգի զինհաշմանդամություն ունեցող Դավիթ Հակոբյանի քրեական գործով հերթական դատական նիստն այսպես` դատավորին ներկայացված բացարկի միջնորդության ընթերցմամբ սկսվեց։
Նիստը նախագահում էր դատավոր Հրաչյա Մեխակյանը։ Սա արդեն հինգերորդ բացարկի միջնորդությունն էր, նախորդ նիստին այն մերժվել էր։ Ըստ պաշտպանական կողմի` դատարանը մերժումը չէր հիմնավորել։
Միջնորդության մեջ նշվում էր, որ Դավիթ Հակոբյանի նկատմամբ քրեական գործ նախաձեռնելուց հետո նրան Պաշտպանության նախարարությունն ուղարկել է Մուրացանի զինվորական հոսպիտալ, սակայն, քննիչն այն որպես փախուստ է ներկայացրել։
«Քննիչի կարգադրությամբ ոստիկանները գալիս են հիվանդանոց և 4 հոգով ֆիզիկական ուժ են գործադրում իմ հանդեպ։ Ձախակողմյան հատվածս ամբողջովին չի գործում։ Հաշվի չառնելով իմ կարգավիճակը` ինձ տարան քննիչի մոտ, անտեսելով, որ ձեռքս կոտրվել է, շտապօգնություն չկանչեցին։ Հերթապահ ոստիկանին խնդրել եմ շտապօգնություն կանչել, քանի որ ձեռքս ուռել էր»,-նշված էր միջնորդության մեջ։
Ամբաստանյալի պնդմամբ` 6 տարվա դատաքննության ընթացքում ոչ մի անգամ չի նշվել իր զինհաշմանդամություն ունենալու մասին։ Նրա խոսքով` դատարանի աշխատանքի պատճառով այսօր նա հասել է ծայրահեղ վատ վիճակի.
«Ես այլևս դատարան չեմ գալու, որովհետև իմ առողջականը ձեր խաղերի պատճառով հասել է ծայրահեղ վիճակի։ Հակառակ ձեր ցանկության` կապացուցեմ անմեղությունս` ձեզ փոխարինող դատավորի մոտ»։
Շարունակելով խոսել ներկայացված բացարկի մասին` Հակոբյանը նշեց, որ ամբողջ դատաքննության ընթացքում զրկված է եղել բուժման հնարավորությունից։ Պաշտպանության նախարարությունը, օգտվելով այս դատավարություններից, ամբողջությամբ չի զբաղվել իր հարցով։ Այժմ նա խնդրում է` իր անձնագիրը ժամանակավոր իրեն տրամադրել, որպեսզի կարողանա դրսում ստուգում անցնի։
Բացի այս, Հակոբյանը նիստի ընթացքում նաև մամուլի կողմից հրապարակված մի ձայնագրություն միացրեց։ Այնտեղ մեջբերված էր գործի նախաքննությունն իրականացրած քննիչ` Սևակ Խաչատրյանի` Դավիթ Հակոբյանին վերագրվող խոսքերը, որտեղ, ըստ ամբաստանյալի, ճշմարտությանը չհամապատասխանող հատվածներ կային։
Դատախազ Արմեն Կարեյանը պարբերաբար ընդհատում էր Հակոբյանի խոսքը` ճշգրտելու համար, թե տվյալ ձայնագրությունն ի՞նչ կապ ունի բացարկի միջնորդության հետ։
«Դատարանի ուշադրությունն արդեն որերորդ անգամ ուզում եմ հրավիրել այս հանգամանքի վրա, որ 6 տարիների ընթացքում կատարված կամ չկատարված, գուցե նաև բացթողումների մասին հիմա չպիտի քննարկենք։ Բացարկ է ներկայացվել դատարանին, դատարանը հնարավորություն տվեց արտահայտվել կոնկրետ բացարկի միջնորդության վերաբերյալ»:
Հակոբյանը նշեց, որ դատաքննության ընթացքում մի քանի դատավոր է փոխվել, և այդ ամենը ներկայիս դատավորի տեղեկացված լինելու համար է։
«Իմ պաշտպանվելու միակ տարբերակն է դատավորին ներկայացնել, թե ինչպիսի խնդիրներն են առաջացել, որովհետև այս ամենից եք եզրակացություններ կազմելու, որպեսզի հասկանաք գործի ճիշտ ու սխալ կողմերը, որպեսզի ճիշտ որոշում կայացնեք»:
Հանրային մեղադրողն, ամեն դեպքում, այն որակեց որպես իրավունքի չարաշահում, և անիմաստ համարեց կրկին բացարկի միջնորդության մասին քննարկումները:
«Ինչ վերաբերում է բուն միջնորդությանը, և’ բովանդակությունից, և’ պաշտպանական կողմի ներկայացրած հիմնավորումներից ակնհայտ է, որ այն չի բխում քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բացարկ ներկայացնելու հիմքերից, և կարծում եմ, որ միջնորդությունը ենթակա է մերժման»:
«Մեր դիրքորոշումն այն է, որ բացարկ ներկայացնելու միջնորդությունը պաշտպանյալի իրավունքն է։ Ամեն անգամ նույն բացարկը չի եղել, և հիմքերը փոխվել են»,-դատախազին հակադարձեց պաշտպան Մուրադ Ասրյանը։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի նոյեմբերի 20-ին` առավոտյան 09:15-ին։
Նիստի ավարտից հետո պաշտպան Ասրյանը Forrights.am-ի հարցին ի պատասխան նշեց, որ գործով հեռանկարներ, արդարացման հիմքեր կան, որովհետև իրենք միջնորդություն են ներկայացրել հանցակազմի բացակայության հիմքով` վարույթը կարճելու վերաբերյալ, որին դատարանը պետք է անդրադառնա, սակայն չի անդրադառնում։
Այն հարցին, թե գործով վաղեմության ժամկետները վաղուց անցել են, և չե՞ն ուզում այդ հիմքով գոնե գործը կարճել, որպեսզի Հակոբյանը կարողանա անձնագիրը վերցնել և մեկնել արտերկիր, պաշտպանն ասաց.
«Եթե վաղեմության ժամկետների հիմքով գործը կարճվի, չի դիտարկվի, որ անձն արդար է, վարույթը կկարճվի` ոչ արդարացման հիմքով, այս դեպքում էլի անձնագիրը կտրամադրվի, բայց պաշտպանյալս ուզում է արդարացման հիմքով կարճել։ Քրեական հետապնդման ինքը չի ենթարկվելու, ամեն դեպքում»։
Ավելի վաղ Forrights.am-ն անդրադարձել էր 35-ամյա նախկին զինծառայողի պատմությանը։ Երիտասարդը ծառայության ընթացքում բժշկական անփույթ վերաբերմունքի հետևանքով առողջական հսկայական խնդիրներ է ստացել, որոնք հիմա լուծելու համար փորձում է գումար հավաքել և մեկնել Գերմանիա` բուժման, սակայն անհեթեթ ու առանց ապացույցների մեղադրանքի հիմքով որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին։
Պաշտպանական գերատեսչության և ընդհանրապես, պետության անտարբերության պայմաններում, այլ ելք չգտնելով, Դավիթն իր խնդրի վրա պատկան մարմինների ուշադրությունը գրավելու համար մի քանի անգամ ՊՆ-ում, ԱՄՆ դեսպանատանը ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր է տվել իրավապահ մարմիններին։ 2015-ին դատապարտվել է 1,6 տարվա ազատազրկման՝ ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու համար, սակայն նրան ներում է շնորհվել։
2019թ.-ի սկզբին ՊՆ-ի դիմաց մի քանի օր զինծառայողը հացադուլ է հայտարարում։ Արդյունքում ՊՆ-ն խոստանում է աջակցել մեկնել Գերմանիա` բուժման, սակայն այդպես էլ չի կատարում խոստումը, փոխարենը իրավապահները մեկ այլ մեղադրանք են առաջադրում Դավիթին` իբրև, թե 2018-ի հունիսի 21-ին ահաբեկչության մասին կեղծ ահազանգ է ներկայացրել՝ հաղորդելով, որ ՊՆ-ում ռումբ կա տեղադրված, որը, սակայն, իրականությանը չի համապատասխանում։
Քնարիկ Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: