Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ճշտող հարցին, թե Արցախի հարցը փակվա՞ծ է, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Մենք ունենք արցախահայության մեծ խնդիր։ Այնտեղ պետականություն ստեղծելու կամ պետական ինստիտուտներ պահելու եւ զարգացնելու, ինչ-որ բան անելու նպատակ ես չեմ տեսնում եւ համարում եմ, որ դա ՀՀ անվտանգությանը ուղիղ սպառնալիք է եւ հարված։ Եվ կոչ եմ անում մնացած բոլոր գործընկերներին նույն տրամաբանությամբ շարժվել»:

Այն որ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը ՀՀ իշխանությունների օրակարգում չկա և դա պետական քաղաքականության գիծ է, այլ ոչ թե մեկ ՔՊ-ականի տեսակետ, պարզ է դառնում նաև պետական բյուջեի նախագծից։ ՀՀ 2024 թվականի բյուջեի նախագծով Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար ֆինանսավորում նախատեսված չէ։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Forrights.am-ի հետ զրույցում անտեղի է համարում Ալեն Սիմոնյանի մտահոգությունները, թե Արցախի պետական որևէ ինստիտուտի պահպանում կարող է Հայաստանի համար սպառնալիք հանդիսանալ։ Քաղաքագետը միջազգային փորձն է մատնանշում։

«Վտարանդի կառավարություն ունենալը չի կարող հանդիսանալ պատճառ՝ այլ պետության վրա հարձակվելու համար։ Միջազգային իրավունքի մեջ կան նորմեր և սկզբունքեր, որոնք որ կարգավորում են պետության ինքնապաշտպանության իրավունքը։ Այս դեպքը չի հանդիսանում ուժ գործադրելու հիմք՝ այլ պետության համար»,-ասաց քաղաքագետը։

Ինչը կարող է պատճառ լինել, որ իշխանությունները դեմ արտահայտվեն Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը։ Անդրաս Ղուկասյանն այսպիսի կարծիք ունի։

«Իշխանությունները գործարքի մեջ են Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, անգամ իրենց տեսակետից անընդունելի է, որովհետեև ունեն կենկրետ պարտավորությունները թշնամու առջև ստանձնած։ Այն ինչը իրենք իրականացրել են մտադիր են ամրագրել և թողնել առանց հետևանքերի, թույլ չտալ, որ Արցախի կառավարությունն այստեղ գործի։

Միջազգային պրակտիկայում կա, երբ բռնության, պատերազմի,  ռազմական գործողությունների հետևանքով այսպիսի իրավիճակում հայտնվածները պահպանում են իրենց սյուբեկտայնությունը՝ պահպանվում է վտարանդի կառավարության միջոցով, այս առումով նոր բան չկա, Արցախի կառավարությունը պետք է լինի վտարանդի կառավարություն։ Խոսքը գնում է քաղաքական մարմնի մասին, որը ներկայացնում է Արցախի ժողովրդին։ Բնական է, որ մնացած ատյանները չեն կարող գործել այդ կարգավիճակով»,-ասաց նա։

Անդրիաս Ղուկասյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արցախի վտարանդի կառավարություն ունենալու գաղափարի վերջնանպատակը վերադարձ Արցախն է ու այնտեղ սուվերենության հաստատումը։ Նրա խոսքով՝ Փաշինյանն  ու իր թիմը նման պլաններ չունեն։

«Վերադարձ Արցախ և Արցախի ինքնիշխանության վերականգնում։ Այս իշխանության գլխավոր գաղափարը եղել է, որ Արցախը պետք է տալ և լավ ապրել, տեսանք, թե ինչ եղավ։ Նրանք ունեն պարտավորություն, որ ոչինչ չանեն, որպեսզի արցախցիները հետ չվերադառնան»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան  

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest