Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ ՀՀ 2024 թվականի բյուջեի նախագծով Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար ֆինանսավորում նախատեսված չէ։
Հարցին, թե Արցախի հարցը փակվա՞ծ է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Մենք ունենք արցախահայության մեծ խնդիր։ Այնտեղ պետականություն ստեղծելու կամ պետական ինստիտուտներ պահելու եւ զարգացնելու, ինչ-որ բան անելու նպատակ ես չեմ տեսնում եւ համարում եմ, որ դա ՀՀ անվտանգությանը ուղիղ սպառնալիք է եւ հարված։ Եվ կոչ եմ անում մնացած բոլոր գործընկերներին նույն տրամաբանությամբ շարժվել”:
Եթե Արցախի պետական ինստիտուտների ստեղծումը Հայաստանում իշխող կուսակցությունը սպառնալիք է համարում, ապա ինչպե՞ս են նրանք պատկերացնում Արցախի եւ արցախցիների ապագան։ ՀՀ իշխանությունները պարտավորությո՞ւն ունեն ի սպառ ջնջել Արցախի անունը, նրա հազարամյա պետական ավանդույթները եւ դրանք շարունակելու արցախցիների իրավունքը։
Բռնի տեղահանումից անցել է 1,5 ամիս, սակայն մինչ օրս չի կայացել ՀՀ եւ Արցախի օրինական իշխանությունների որեւէ հանդիպում կամ քննարկում։ Արցախի իշխանությունները զրկված են իրենց պարտականությունները իրականացնելու ֆինանսական եւ իրավական հնարավորություններից։ Բայց կառավարման բոլոր ինստիտուտները գոյություն ունեն․ միայն այսօր առաջին պատգամավորը /Դավիթ Բաղդասարյանը/ վայր է դրել մանդատը։ Մնացածները պահպանում են մանդատները։
ՀՀ իշխանությունները «սպառնալիք» են համարում Արցախի ղեկավարության գոյությունը, փորձելով «հասցեագրել» արցախահայության խնդիրները ուրիշներին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ՄԱԿ Միջազգային դատարանը պետք է միջանկյալ միջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցով։ Հայցի պահանջներից մեկն է՝ Բարձր դատարանը պետք է պարտադրի Ադրբեջանին ճանաչել ԼՂՀ մարմինների կողմից տրված փաստաթղթերը։
Ինչո՞ւ Հայաստանը ինքը չի ճանաչում այդ փաստաթղթերը։ Փոխարենը Հայաստանի իշխանությունները կատարյալ շփոթություն են ստեղծում մի հարցում, որը պարզ քաղաքական կամք է պահանջում՝ ճանաչել Արցախի անցած 30 տարվա պետական, քաղաքացիական եւ իրավական ակտերը եւ համարել այն օրինական։ Դրա փոխարեն այնպիսի լուծումներ են առաջարկվում, որոնք ավելի են խառնում իրավական իրավիճակը եւ նոր խնդիրներ ստեղծում արցախցիների համար։
Հայաստանում մեկնարկել է այսպես կոչված «փախստականների» թղթի ստացման եւ արցախցիների ժամանակավոր գրանցման գործընթացը։ Մարդկանց շանտաժ են արել, որ առանց նման թղթերի եւ գրանցման /կամ ՀՀ քաղաքացիություն ստանալու/ նրանք չեն կարողանալու ստանալ օրինական թոշակները, նպաստները, գործարքներ կատարել։ Նույնիսկ խոսում են, որ 070 արցախյան ծածկագրով անձնագրերը մի քանի ամիս հետո անվավեր են ճանաչվելու։ Թե հետո ինչ պիտի անեն նույն անձնագրերում հայաստանյան գրանցում եւ փախստականի «թուղթ» ստացած մարդիկ, պարզ չէ։ Կկարողանա՞ն նրանք մեկնել Հայաստանից, կամ որևէ գործարք կատարել, կամ նշանակվել պետական պաշտոնների և ծառայել բանակում։
Անձնագրային բաժիններում կատարյալ խառնաշփոթ է։ Մարդիկ գալիս են, և նրանց ստիպում են լրացնել արդեն պատրաստի հայտադիմում, որտեղ գրված է․ «Հայտնում եմ, որ որևէ պետության քաղաքացի չեմ հանդիսանում»։ Աշխատակիցները այդ տողերը հատուկ ընդգծում են, հարցնելով՝ համաձա՞յն եք դա ստորագրել։ Սովորական մարդն էլ, աչքի առաջ ունենալով թոշակ չստանալու հեռանկարը, համաձայնվում է։ Հրաժարվելով Արցախի ոչ միայն իր օրինական անցյալից, այլև պետականությունից։
Այնուհետեւ մարդը թողնում է իր անձնագիրը, նրան ասում են, որ մի 10 օր կտևի այս ամեն ինչը, գուցե և ավելին, քանի որ դեռ չկան «փախստականի թղթերը», և պարզ չէ, երբ կլինեն։
Ստացվում է, որ հազարավոր մարդիկ անհայտ ժամանակով զրկված են և անձնագրից, և չգիտեն, երբ կստանան «փախստականի թուղթ», և արդեն հրաժարվել են իրենց նախկին՝ Արցախի քաղաքացիությունից։ Իսկ չկա փաստաթուղթ՝ չկա մարդ։
Ունե՞ն արդյոք ՀՀ իշխպանությունները հստակ տեսլական, թե ինչպես պետք է լուծվի 150 հազար ՀՀ անձնագիր ունեցող հայի իրավական կարգավիճակի հարցերը։ Թե՞ միայն հեռուստատեսությամբ լուրջ եւ ինքնավստահ դեմքով խոսելն է։
Նաիրա Հայրումյան