Ադրբեջանցիները սարուշենցի երեք խաղաղ բնակչի են սպանել։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ի պատերազմից հետո՝ Սարուշենից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին։ Այս տեղեկությունը Forrights.am-ի հետ զրույցում հայտնեց գյուղի բնակիչ Մխիթար Գասպարյանը։

«Իմ հարևաններին են սպանել, ճանաչում էի նրանց»,- ասաց 64-ամյա տղամարդը՝ մանրամասնելով, որ սպանվածներից մեկը գյուղի տարեց բնակիչներից է եղել՝ բռնի տեղահանվող։

«Սպանվածներից մեկը վիրավոր է եղել, մյուսը՝ վիրավորի բարեկամն է եղել, իր մեքենայով հիվանդանոց էր տեղափոխում, իսկ երրորդը տարեց մարդ է եղել, որը ցանկանում էր իր մեծ մեքենան տաներ Ստեփանակերտ, որպեսզի հնարավոր լինի շատ մարդ տեղափոխել Հայաստան»,-ասաց Մխիթար Գասպարյանը։

Նույն ճանապարհին սպանվելու վտանգի տակ է հայտնվել նաև Միխիթար Գասպարյանը։ Նա սեպտեմբերի 19-ի մարտական գործողությունների մասնակից է եղել, զինվորական չէ, բայց մասնակցել է Սարուշենի ինքնապաշտպանությանը։

«Թշնամին, որ հարձակվեց բոլոր գյուղացիք մտան կռվի մեջ, պատերազմն այդպես էլ սկսվեց, ահագին զոհեր տվեցինք, 10 հոգի զոհվեց»,-ասաց նա՝ նշելով, որ ոտքից վիրավոր է եղել։

Մխիթարին Սարուշենի գյուղապետն իր մեքենայով երկու այլ վիրավորների հետ փորձել է տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց։ «Գյուղից դուրս եկանք դեպի Խաչմաչի (գյուղ Ասկերանի շրջանում,-հեղ․) ճանապարհին ադրբեջանցիները ճանապարհը կտրեցին, կրակոցների տակ ընկանք, շատ կրակեցին, ոնց-որ ավտոյի վրա կարկուտ թափեր, գյուղապետը մեջքից վիրավորվեց։ Մեքենան շուռ տվեցինք, գնացքին Սարուշեն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ադրբեջանցիներն այդ ճանապարհին դիրքավորվել էին արցախցիներին սպանելու նպատակով։

Մխիթար Գասպարյանը հայրենքի պաշտպանությանը մասնակցել է այն նույն դիրքում, որտեղ արիաբար զոհվել է Արմեն Առուստամյանը։  Forrights.am-ն Արմենի սխրանքի մասին հրապարակել էր նախորդ շաբաթ։

«Մենք երեք հոգով էինք, զինամթերքը վերջանում էր, Արմենը մեր հետի երրորդին ուղարկեց, որ գնա փամփուշտ բերի, չի եղել, որ բերի, հետ էլ չի կարողացել գալ, մնացիքն երկուսով։ Կրակեցինք այնքան, որքան հնարավոր էր, մեր փամփուշտները վերջանալու վրա էր»,-ասաց նա՝ նշելով, որ  մի կողմից զինամթերքի բացակայությունն էր խնդիրը, մյուս կողմից խրամատը կահավորած չլինելը, միայն հողե թմբեր են եղել։

Կրակը իրենց դիրքի վրա ինչ-որ ժամանակով դադարել է, որից հետո Արմենը նկատել է․ «Թուրքերը մտան խրամատ։ Մեզանից 40 մետր հեռավորության վրա էր, սկսեցինք կրակել, բայց նաև հետ էինք նահանջում, քանի որ երկու հոգով էինք։ Համ կրակում էինք, համ հետ էինք գնում, մի 25 մետր գնացինք, տեսա Արմենն ընկավ»,-ինչպես արդեն տեղեկացրել էինք Մխիթար Գասպարյանն այդ ժամանակ ևս վիրավորում է ստացել։

Մեզ պատմեց, որ փամփուշտը ոսկորին չի դիչպել, քանի որ գրպանում հեռախոս է եղել։ «Ոտքս քարշ տալով մատիկացա, Արմե՜ն, Արմե՜ն․․․ ասաց՝ շունչս կտրում է, ժիլետս հանիր, հանեցի թիկունքի մասում արյան հետք տեսա, ձեռքիս մեջ մահացավ։ Ես վիրավոր, ինքը՝ զոհված, չգիտեի, թե ինչ անեմ։ Պուլիմոտով, ավտոմատով, ամեն ինչով կրակում էին․․․մի կերպ եկա գյուղ։ Գյուղի վրա շատ չէին կրակում, դիրքերի վրա էին կրակում, որ զինվորներին ոչնչացնեին, գյուղացիներին գերի վերցնեին»։

Այս դեպքերից հետո, երբ Մխիթարին չի հաջողվել հասնել Ստեփանակերտ և գյուղապետի հետ վերադարձել է Սարուշեն, մեկ այլ ճանապարհին հանդիպել է կնոջ՝ անտառում թաքնված։ Պատերազմի մեկնարկից հետո սարուշենցիները փախել են անտառ՝ փրկվելու համար։ Սարուշեն վերադառնալուց հետո Մխիթարին հնարավոր է եղել շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդնաոց, մի քանի օր մնալուց հետո եկել է Հայաստան։

«Հայաստանից գնալու մասին մտածում եմ, բայց դեպի Արցախ, դուրս՝ չէ»,-հարցազրույցը եզրափակում է Մխիթար Գասպարյանը։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Pin It on Pinterest