«Խոխեն դպրոցից գալիս է, շորը հագից հանում եմ, լվացնում, որ հաջորդ օրը հագնի, էլի գնա դպրոց»,-Սուսաննա Մարգարյանը Forrights.am-ի հետ զրույցում ներկայացնում է իր դժվար առօրյայից մի դրվագ։

47-ամյա կինը Արցախից է բռնի տեղահանվել, ընտանիքում վեց հոգի են՝ ինքը, ամուսինը և չորս տղաները, որից երեքն անչափահաս են։ Երեխաները հագուստի կարիք ունեն։ Մայրը չի հասցրել նրանց շորերն ու կոշիկները վերցնել, քանի որ Ասկերանի շրջանի գյուղերը դատարկվել են սեպտեմբերի 19-ի պատերազմի դադարի հենց հաջորդ օրերին։

«Ամեն օր թոզոտ գալիս է, իրիկունը շորերերը լվացնում եմ, որ առավոտ հանգնեն դասի գնան։ Մի՞ շորով ինչքան կարող եմ խոխեքիս յոլա տանեմ»,-ասում է տիկին Սուսաննան և սրտնեղում՝ պետությունը գոնե խոստացված աջակցության գումարները ժամանակին տրամադրի։

Մարգարյանները հետևել են Փաշինյանի կոչին, բանկում հաշիվներ բացել, բայց վեց հոգանոց ընտանիքից երեքը դեռ չեն ստացել 100 հազար դրամ միանվագ աջակցությունը, իսկ հինգը՝ յուրաքանչյուր ամիս բնակվարձի և կոմունալ ծառայությունների համար տրվող 50-ական հազար դրամները։ Այս ծրագրի տևողությունը վեց ամիս է։

«Խաղ են անում մեզ հետ, խոխեքիս թողած, գնում եմ, որ փող տան, բերեմ խոխեքիս պահեմ, շոր չունեն, ասում են՝ գնա, հլը չկա։ Չգիտեմ ինչ անեմ»,-ասում է նա։

Ընտանիքն Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղում է ապրել։ Այնտեղ տեղափոխվել են Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից, քանի որ այն 2020 թվականի պատերազմից հետո թշնամին օկուպացրել է։ Լուսաձորում հավ, բադ, են պահել, հողագործությամբ զբաղվել, Տիկին Սուսաննան որդու հետ հաց է թխել, ամուսինը՝ շինարարությամբ զբաղվել, իսկ բռնի տեղահանումից հետո կորցրել են տունը, եկամտի բոլոր միջոցները՝ այդ թվում, Արցախի կառավարությունից տրվող 20 հազար դրամ նպաստը։

Այժմ բնակվում են Սյունիքի մարզի Ագարակ գյուղում։ «Ստեղ շատ լավ են մեզ դիմավորել»,-ասում է տիկին Սուսաննան և նշում, որ երեխաներին տետրեր են տվել, ուսուցիչները պայուսկա են նվիրել, սակայն, կոշիկի խնդիր ունեն։ «Կոշկ է պետք, չգիտեմ էլ ինչ անեմ»,-ասում է նա և նշում, որ նաև անձը հաստատող փաստաթղթերն են կորցրել։

«Մեծ խոխաս բանակում էր ծառայում, վայենի բիլետը բանակում վառել են, ծննդականն էլ հետ, շորերն էլ հագից հանել են ու վառել, ասել են՝ քեզ թուրքերը կսպանեն, որ տեսնեն քո մոտ»,-պատմում է մայրը՝ հիշելով այն դժվարին իրավիճակը, որի միջով անցել են սեպտեմբերի 19-ին։

«Հաց էի թխում, որ սկսեցին կրակել, ես էլ գիտեմ, թե որս են անում, նապաստակ են խփում։ Փոքրս՝ 11 տարեկան, դպրոցից վազելով եկավ, թե մամա՝ բամբիտ են անում, պատերազմ է։ Մենք պադվալ չունենք, որ բամբիտ էին անում տունը շարժվում էր, գնացքին ընկերուհուս տան պադվալը։ Երեք բազմազավակ ծնողներով երեկու օր պադվալում ենք մնացել, հետո ասեցին, որ պիտի արագ դուրս գանք, թողեցինք եկանք»։

Տիկին Սուսաննայի ամուսինն այստեղ աշխատանք չի կարողանում գտնել։ Սկզբնական շրջանում շինարարությամբ է զբաղվել, բայց հետո հեռացրել են։

«Ամուսինս Արցախում շինարարության մեջ էր աշխատում, այստեղ էլ էր աշխատում, բայց հանել են հնդիկներին են բերել, քցել գործի։ Չգիտեմ ինչի են հանել, բայց ինքը լավ էր աշխատում»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest