Հայկական բանակը մի քանի տարի շարունակ բարեփոխվում է անհայտ հայեցակարգով. 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականի փետրվարին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանը սկսում է Ռուսաստանի հետ համագործակցությամբ զինված ուժերի բարեփոխման հայեցակարգ մշակել»։ Դա տեղի ունեցավ «Գլխավոր շտաբի» հայտնի հայտարարությունից հետո, որը Փաշինյանը անվանեց «ռազմական հեղաշրջման փորձ»։ Սրանից հետո Փաշինյանը սկսեց բանակը «բարեփոխել Ռուսաստանի օգնությամբ», թեկուզ մինչ օրս չի ներկայացրել, թե ինչ էր փորձում «քանդակել» հայկական բանակից, որը 30 տարի ահեղ ռազմաքաղաքական գործոն էր տարածաշրջանում։
Հիմա Փաշինյանի կառավարությունը «դիվերսիֆիկացնում» է իր ռազմական դոկտրինը։ Մասնավորապես, ռազմական համագործակցություն է հաստատվում ԱՄՆ-ի հետ, հակաօդային պաշտպանության համակարգեր են գնում Հնդկաստանից և Ֆրանսիայից (թեև հայտնի չէ, թե ինչպես են դրանք մատակարարվելու Հայաստան)։ Երեւանը փորձում է չգնալ ռուսական անվտանգության միջոցառումներին, ու այժմ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպում է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության (EUCOM) հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամի հետ։ Նա պատմել է նրան ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների մանրամասները և քննարկել դրանց իրականացմանն ԱՄՆ աջակցությունը։
2023 թվականի հունվարի 28-ի՝ արդեն չնշվող Բանակի օրվան նվիրված ուղերձում Նիկոլ Փաշինյանն իրեն բնորոշ ձևով ասաց, որ «պաշտպանության ոլորտում 2018 թվականի համեմատ 2024 թվականին բյուջեի ծախսերը աճել են ավելի քան երկու անգամ՝ 125 տոկոսով»։ Բացարձակ թվերով դրանք այնքան էլ մեծ թվեր չեն, պարզ չէ նաև, թե ուր են գնում այդ գումարները։ Բարեփոխումների հայեցակարգը ոչ ոք չի տեսել, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ ասել, թե արդյոք այդ գումարները ծախսվում են դոկտրինի համաձայն։
Ամեն անգամ, խոսելով ծախսերի ավելացման մասին, Փաշինյանը հարկ է համարում վերապահում անել, որ «պաշտպանության ծախսերի դինամիկան ոչ մի կերպ չի հակասում մեր հայտարարված խաղաղության օրակարգին, քանի որ մարտունակ զինված ուժերի առկայությունը յուրաքանչյուր պետության օրինական իրավունքն է, ցանկացած պետության համար պարտադիր հատկանիշ»։
Դա հնչում է որպես խղճուկ արդարացում, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի ղեկավարության պահանջները։
Դեռևս 2021 թվականին Ալիևն ասել էր. «Տեղեկություններ են հայտնվել, որ Հայաստանի դաշնակիցները (Ռուսաստանը) ցանկանում են թարմացնել հայկական բանակը, արդիականացնել այն։ Ինչի համար? Ո՞ւմ դեմ։ Հայկական բանակն այլեւս չկա ու չպետք է լինի»։
Օրերս հայտարարվեց նաև, որ անհրաժեշտ է լուծարել հայկական բանակը՝ որպես «խաղաղության պայմանագիր» կնքելու պայմաններից մեկը։ Առաջին պայմանը եղել է հայկական բանակի չմիջամտումը Արցախի օկուպացման ու տեղահանման գործընթացին։ Երեւանը կատարել է այս պայմանը՝ չի միջամտել։ Մնում է երկրորդ պայմանը` հայկական բանակի չեզոքացումը և անատամ կազմակերպության վերածումը, որի գործառույթները չեն ներառում դիմադրությունը եւ ռազմական գործողությունները։
«Պարզած ձեռքերի» քաղաքականությունը, որով Փաշինյանը եկավ իշխանության, վերաբերում է նաև բանակին. Փորձագետներն ասում են, որ «բանակի բարեփոխումը», որը սկսվեց զինվորների սննդակարգում «ելակով» և բարձրաստիճան սպաների դեմ այդպես էլ չբացահայտված կոռուպցիոն պատմություններով, կավարտվի բանակի զինաթափմամբ և «խաղաղ» սահմանապահ զորքերի վերածմամբ, որոնք կապահովեն ադրբեջանցիների անվտանգությունը «խաղաղության խաչմերուկում»։
Այսօր 168 ժամի հետ զրույցում Փաշինյանի կառավարության պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել է. «Ինձ ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որի բոլոր մասնակիցներն ինձ և հանրությանը հայտնի են: Բացի ինձնից, մոտ 10 գեներալ մեղադրվում են տարբեր քրեական գործերով, որոնցից 5-ն այս պահին կալանավորված են: Հարյուրավոր ավագ և կրտսեր սպայական կազմի զինվորականներ մեղադրվում են և տասնյակները կալանավորված են: Բանտախցերում զինծառայողներին զորատեսակներով են արդեն տեղավորում»:
Տոնոյանը, ըստ էության, հաստատում է հայկական բանակի կանխամտածված գլխատման և հայրենիքին ծառայել ցանկացող սպաներից զրկելու փաստը։ Ըստ ամենայնի, կատարվում է Ալիեւի հրամանը, ով ամեն օր ասում է, որ Հայաստանի ղեկավարությունը չպետք է թույլ տա ռեվանշ եւ դիմադրություն։
«Խաղաղության դարաշրջանի» վերանայումը եւ ռեվանշը կանխելու համար անհրաժեշտ է «բարեփոխել» բանակը, որպեսզի այնտեղ ծառայեն ոչ թե պրոֆեսիոնալ զինվորականներ, այլ տարեց պայմանագրայիններ ու կանայք։ Այժմ, մեր տվյալներով, դիրքապահերի փոխարինման հետ կապված խնդիրներ կան, և դիրքերն արդեն բալզակյան տարիքի կանայք են կանգնած։
Բայց ներքին անվտանգությունը զարգանում է բուռն տեմպերով, որպեսզի Փաշինյանի նկատմամբ էլ «ռեվանշ» չլինի։ Ալիեւը կզայրանա։
Նաիրա Հայրումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: