30-ամյա Սիմոն Ղահրամանյանը Մարտունիից է: Վերջին տասը տարիներին շինարարությամբ զբաղվող տղամարդը այժմ ծնողների, կնոջ եւ երեխայի հետ վարձով ապրում է Մասիսում: Թեեւ նա Արցախում թողել է իր ամբողջ ունեցվածքն ու կյանքը, այժմ անհանգստանում է ոչ թե իր, այլ չորս երեխա ունեցող իր քրոջ մասին:

«Ես ջահել տղա եմ, ես խնդիր չունեմ։ Քարտեզի վրա որտեղ ձեռքդ դնես, այնտեղ կարող եմ շինարարությունս անեմ ու ապրեմ։ Խնդիրը Արցախցիների

ժողովրդի մոտ երեխաներն են, տարեցները մեկ էլ կանայք։ Պատկերացնում ե՞ք, թե քանի հարս է մնացել առանց մարդ։ Ու վատ ապրելու հետևանքով նրանց հետ ինչ կարա լինի…Մինչեւ այս վերջին դեպքերը Մարտունիից չորս հոգի զոհվեցին, երկուսը Գիշի գյուղից էին։ Զոհերից Բալայան Գագիկը քույրիկիս ամուսինն էր։ Իր հայրն էլ ազատամարտիկ է, առաջին պատերազմի ժամանակ է զոհվել »,- ասում է Սիմոնը:

Այժմ նա շինարարական աշխատանքներ է իրականացնում Մասիսի նախկին Ինֆեկցիոն հիվանդանոցի շենքի մի հատվածում, որը քաղաքապետարանը հատկացրել է Արցախից տեղահանվածների համար:

«Հիմա փաստացի դառնում է, որ քրոջս ընտանիքում էլ տղամարդ չկա։ Չորս երեխա ունի։ Երկու աղջիկ, երկու տղա։ Ես նրանց բերել եմ իմ տուն։ Քաղաքապետին ներկայացրել եմ իրավիճակը, ասել եմ՝ իրենց տանը տղամարդ չկա, նրանց ապրելու տեղ է պետք, ես սարքեմ, թող իրենք ապրեն։ Քաղաքապետն ասել է՝ խնդիր չկա։ Հիմա ես սարքում եմ, որ իրենք ապրեն: Հովանավորները մեզ շինանյութով ապահովում են, մենք աշխատում ենք»,- պատմում է Ղահրամանյանը: Նա նշում է, որ քրոջ ամուսինը` Գագիկ Բալայանը զոհվել է այս տարվա ամռանը` ԱԹՍ հարվածի հետեւանքով:

Խոսելով սեպտեմբերի 19-ի դեպքերի մասին, ՍԻմոնն ասում է` այդ ժամանակ Հայաստանում է եղել` ոտքի վնասվածքով. «Ուղիղ տասը տարի շինարարությամբ եմ զբաղվում, իմ աշխատանքը դա է։ Ես աշխատանքի բերումով Մարտունիից դուրս էի ապրում։ Տարբեր տեղերում ռեմոնտ էի անում։ 44–օրյայից առաջ Քաջարանում աշխատում էի։ Գալիս եմ Մարտունի, պատերազմից հետո մնում եմ շինարարություն եմ անում Արցախում։ Վերջին դեպքերից առաջ եկել էի Հայաստան՝ աշխատելու, երբ ճանապարհը փակվեց, մնացի այստեղ։ Ես դիմավորողի դերում էի։ Այդ օրը չէի կարողանում քայլել։ Գործ անելիս ոտքս վնասել էի, մինչեւ հիմա ոտքս կարած է։ Դեպքերի ժամանակ կաստիլներով էի։ Մեկ շաբաթ է, որ կարողանում եմ ինքս քայլել։ Բժիշկները թույլ չեն տալիս, բայց էլ հնարավորություն չկա, պետք է աշխատեմ»։ Թե երբ պատրաստ կլինի բնակարանը, դժվար է ասել, քանի որ Սիմոնը զուգահեռ նաեւ այլ շինարարություններում է աշխատում, որպեսզի հոգա իր ընտանիքի կարիքները:

Նշենք, որ այժմ Մասիս քաղաքում գտնվող բռնի տեղահանված արցախցիների համար վերանորոգվում է ոչ միայն Ինֆոկցիոն հիվանդանոցի, այլ նաեւ հին գրադարանի եւ Փոստի շենքերը:

Անի Գևորգյան

 

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest