Սարուշենցի Արմեն Առուստամյանը ծննդավայրը պաշտպանել է մինչև վերջին փամփուշտը՝ հրաժարվել է լքել դիրքը, երբ զինակիցները զոհվել են և ինքը վերջում մնացել է մեկ հոգու հետ։

Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի մոտ գտնվող դիրքից մեկ հոգի է ողջ մնացել, որը վիրավորվել ու փրկվել է՝ մի կերպ անտառ հասնելով։ Նա Արմենի հերոսական կռվի մասին մանրամասներ է պատմել եղբորը՝ Արթուր Առուստամյանին։

«Այդ մարդն ասում է՝ երկուսով էին մնացել, տեսնելով Արմենի տված բոյն ամաչել է ասել՝ արի հետ գնանք։ Արմենը պեկան պրծցրել է, երկու ավտոմատը պրծցրել է, հետո ձեռքի պիստալետով է կռվել, վերջում էլ գրանատն է շպրտել, հետո ասել է՝ թուրքերը մոտենում են ու էդ ժամանակ իրեն կրակել են»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմեց եղբայրը՝ Արթուր Առուստամյանը։

Արմենը 32 տարեկան էր, վերջին մեկ տարում էր ծառայության անցել Արցախի Պաշտպանության բանակի աշխարհազորում։ Մինչ այդ բնակվել է Ռուսաստանում, սակայն, գալով Արցախ և տեսնելով ստեղծված իրավիակը որոշել է մնալ և պայքարել։

«Ռուսաստանից էր եկել, տեսել է, թե Արցախում ինչ իրավիճակ է, բոլորը ծառայում են, ասել է՝ ես էլ եմ մտնում ծառայության իմ հայրենիքի համար։ Ասեցի, որ պետք չի, պատասխանեց՝ ոնց դու ես ծառայում, այդպես էլ ես»,-ասաց Արթուրը, որը եղբոր հետ վերջին անագամ խոսել է սեպտեմբերի 19-ին ինտենսիվ մարտերից 15 րոպե առաջ։ Նշեց, որ եցբայրն այնքան լավ է ծառայել, որ կարճ ժամանակում իրեն դիրքի հրամանատար են նշանակել։

«Կռիվը, որ սկսեց զանգեցի իրեն, ինձ ասաց ուշադիր լինեմ, երկնքում անօդաչու թռչող սարքեր կան։ Մի քանի րոպե խոսեցինք՝ սկսեցին կրակել, ասաց՝ մի րոպե, դեպի ինձ 20 թուրք է գալիս, ասում եմ կրակի, ասում է՝ պեկաս խոդի եմ տալի ու ինքն անջատում է հեռախոսը։ 15 րոպե հետո զանգեցի, անհասանելի էր։ Լացում էի, ասում էի՝ զգում եմ, որ ախպերս չկա, հեռախոսը ռեզկի անջատեց, ում զանգում էի, որ իր կողքը կար, անհասանելի էին»,-հիշում է Արթուրը։

Երկու օր Արթուրը չի կարողանում Սարուշենի դիրքերում գտնվող եղբոր և գյուղում ապրող մոր հետ կապի դուրս գալ։ Արթուրը սկսում է փնտրել Արմենին, տեղեկություններ է ստանում, որ եղբայրը Մինգի կոչվող տարածքում է, չնայած, որ այն արդեն դիտարկվում էր ադրբեջանցիների կողմից, բայց Արթուրը որոշում է առաջանալ։

«Գնում եմ Մինգիի դպրոցը, դուռը բացում եմ տեսնում եմ, որ լիքը մարդ կա, երեխաները գետնին պառկած։ Մեր գյուղից մեկն այնտեղ է լինում, ինձ ասում է, որ Արմենն էլ չկա»,-ասաց Արթուրը՝ նշելով, որ եղբոր դին տեղափոխել են Հայաստան և հուղարկավորել Եռաբլորում։

Արթուր Առուստամյանը ևս Արցախի Պաշտբանության բանակի զինծառայող է։ Սեպտեմբերի 19-ը կրկնակի ծանր է եղել իր համար։ Դիրքերում միաժամանակ պայքարել է թշնամու դեմ և փորձել տեղեկություններ ստանալ մեկ այլ դիրքում գտնվող եղբոր և գյուղում միայնակ մնացած մոր մասին։

«Զանգեցին ասացին, որ գյուղացիներին մորթում են, զանգեցի մորս անհասանելի էր, սաղ օրը գժված էի։ Մերս սեպտեմբերի 20-ին կեսօրից հետո նոր  կապի է դուրս եկել»,- պատմեց Արթուրը՝ նշելով, որ մեծ դժվարությամբ է կարողացել բենզին գտնել եղբորը տեղափոխելու համար։ Վառելիք չլինելու պատճառով չի կարողացել վերջին անգամ այցելել ծննդավայր՝ Սարուշեն։

«Բենզին չի եղել, ո՞նց գնայի, զոռով բենզին եմ ճարել, որ հասնեմ Ստեփանակերտ»,-ասում է նա ու նշում, որ չնայած ստեղծված բարդ օրերին, որոնց վերջը չի տեսնում, իր մտքից չի կարողանում հանել Արցախը լքելու մասին հրամանը։  «Եկան ասացին՝ զենքերը թողեք, հելեք, Ղարաբաղը տված է։ Շատ վատ ընդունեցի այդ լուրը, ի՞նչ անեի, եթե մեր ղեկավարները համաձայն են եղել»։

Արթուրը մարտական գործողություններին մասնակցել է  Կղարծինի դիրքերում։ Forrights.am-ի հետ զրույցում ուշադրություն է հրավիրում մի հանգամանքի վրա, թե ինչպես ժամեր շարունակ կրակելու հրաման չեն ստացել։ Արթուրն այստեղ դիտավորություն է տեսնում, ասում է՝ պայքարելու խիստ անհրաժեշտություն կար։

«Ցերեկը ոչ մի բան չենք արել, մեզ գիշերը երեքին են հրաման տվել, որ կրակենք՝ մինչև գիշերը չենք կարել, բայց մեր կողքերը բոլորը կրակում էին։ Անհրաժետություն շատ կար կրակելու, խի՞ չկար, բայց չեն ասել, չեմ կարող ասել, թե ինչի։ Հրաման չտալու դիտավարություն եմ տեսնում։ Ուզել ենք պուշկով կրակենք, բայց չի աշխատել, անսարք է եղել»։

Մինչ այդ, սակայն, Արթուրը գրեթե բոլոր արցախցիների նման փորձում է մի հարցի պատասխան ստանալ՝ որրտե՞ղ ապրել ընտանիքի հետ։ Նա, կինը, անչափահաս երեխան, մայրը և կնոջ մայրը գրեթե հայտնվել են դրսում, չեն կարողանում բնակարան վարձակալել՝ գների պատճառով։ Պետության տված բնակարանի վարձակալության աջակցությունը՝ 200  հազար դրամը, չի բավարարում հինգ հոգանոց ընտանիքին՝ Երևանից դուրս տուն վարձել։ Արթուրն ասում է՝ մայրը ստիպված ժամանակավոր բարեկամի տանն է ապրում, ինքն ու կինը Էջմիածնում ժամանակավոր մի տանն են տեղավորվել, սակայն, այդ տան սեփականատերերը խնդրել են մի քանի օրից դուրս գալ, քանի որ արտերկրից իրենց բարեկամներն են վերադառնում։

Օրերս էլ վնասել են Արթուրի մեքենան, կոտրել ապակիները, գողացել պետհամարանիշերը։ Նա հույս ուներ, որ մինչ հիմնական աշխատանք գտնելը կարող էր տաքսի վարել, սակայն, այժմ այդ հնարավորությունից էլ է զրկված։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Pin It on Pinterest