Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով։
Ինչպես հայտնել է նրա փաստաբան Արսեն Սարդարյանը, այդ դրվագով Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով։
Փաստաբանը նաև հայտնել է, որ մեկ այլ դրվագով Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել։
«Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ 2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատար Ջ․Հարությունյանի նկատմամբ դադարեցվեց արդարացնող հիմքով։
Շուրջ 306 էջանոց Ռազմագիտական հանձնաժողովային փորձագիտական եզրակացությամբ թվով 11 փորձառու ռազմագետների կողմից միակարծիք փաստվեց, որ Ջ․Հարությունյանի գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա, վերջինս հակահարձակման ժամանակ գործել է բարեխիղճ, զգոն և գրագետ։
Ցավոք, չնայած այն հանգամանքին, որ նույն վերոգրյալ փորձագիտական եզրակացության բովանդակությունից ակնհայտ է, որ 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստների մասով Ջ․Հարությունյանի մեղքը առերևույթ բացակայում է, և որ դրա պատասխանատվությունը ամբողջությամբ Դ-20 դիվիզիոնի հրամանատարության վրա է, սակայն այս մասով հանրային քրեական հետապնդումը չի դադարեցվել, ինչը խիստ մտահոգիչ է։
Մոտակա օրերս վերոգրյալ հանգամանքների մանրամասները կներկայացնեմ ասուլիսում, որի ժամանակ կպատասխանեմ հետաքրքրված լրագրողների հարցերին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սարդարյանը։
Ջալալ Հարությունյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը։ Պատերազմի ավարտից հետո Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ այն է՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը։ 2023 թվականի հունիսին նրա նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել էր, քանի որ վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով նշանակվել էր հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: