Բաքվի Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած շինծու գործով դատական նիստում հրապարակվել է Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավճիռը․ նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առաջին 5 տարիները Խաչատրյանը պատիժը պետք է կրի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Այսօր ավելի վաղ, մինչ դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը անցկացված նիստում Վագիֆ Խաչատրյանը նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և դատարանին խնդրել է արդարացնել իրեն: Պետական մեղադրող Մեղադիս Սուլթանովը պահանջել է Խաչատրյանին 15 տարվա ազատազրկման դատապարտել։ Հիշեցնենք՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ հուլիսի 29-ին բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետից։ Այնուհետև Բաքուն նրան «զանգվածային սպանությունների» շինծու մեղադրանքներ է առաջադրել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: