Քիչ առաջ Երևանի դատարանի Ավանի նստավայրում հրաարակվեց արցախցի, սեպտեմբերի 19-ի միտինգի մասնակից Տաթևիկ Վիրաբյանի կալանքի երկարացման միջնորդության վերաբերյալ որոշումը։ Դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց, որ Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ կկիրառվի կալանք։
3 անչափահաս երեխաների մայր, 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկը մեղադրվում է սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի մոտ տեղի ունեցած զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու ու այդ անկարգություններին մասնակցելու համար։
Նույն դատավորի՝ Մանվել Շահվերդյանի որոշմամբ, նա սեպտեմբերի 24-ին կալանավորվել էր։
Ըստ քննիչների, Տաթեւիկը շիշ է նետել ոստիկանի ուղղությամբ, սակայն Վիրաբյանի փաստաբանը պնդում է, որ Տաթևիկը ընդամենը ջրով շիշ էր փոխանցում ցուցարարներից մեկին։
Այդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, հիշեցնենք՝ Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք էր արցախահայությանը արդրբեջանական հարձակումից պաշտպանելու կոչերով, և ցուցարարները փորձել էին մտնել կառավարության շենք, քարեր ու շշեր էին նետել ոստիկանների ուղղությամբ, որից հետո ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։
Տաթևիկ Վիրաբյանը ուշագնաց էր եղել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա պահվում է։
Գործող իշխանությունն այնքան հետևողական է արցախցի աղջկան հետապնդում, որ կալանքի ժամկետի ավարտից 20 օր առաջ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարանին երկարաձգել նրա կալանքը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության 6 կին պատգամավոր Տաթևի համար երաշխավորություններ են տվել, և փաստաբան Արսեն Բաբայանը ի նկատի ունենալով, թե ինչ հսկողությամբ գործի հետ առնչություն ունենք, իր իսկ խոսքով, միջնորդել է դատարանին կիրառել ԱԺ 6 կին պատգամավորների երաշխավությունը, իսկ ծայրահեղ դեպքում՝ կիրառել տնային կալանքը:
Դատավոր Մանվել Շահվերդյանը այնուամենայնիվ չազատեց Տաթևիկին, նախընտրելով նրա համար տնային կալանքը։ Մի քանի օր անց նա դուրս է գալու կալանավայրից՝ հայտնում է ՖԲ-ի միջոցով Արսեն Բաբայանը։
Forrights.a m-ի հարցին պատասխանելով, փաստաբանը որակեց Տաթևիկի դեմ գործը որպես քաղաքական հետապնդում։«Քաղաքական հետապնդում է, արցախցիների նկատմամբ, որ հանկարծ մտքներով չանցնի, որ որևէ պահանջ ներկայացնեն, կամ բողոքեն իշխանություններից», — ասում է Արսեն Բաբայանը։
Նրա պաշտպանյալների թվում 3 արցախցիներ կան, որոնց բոլորին ձերբակալել են, ապա կալանավորել սեպտեմեբրի 19-ին՝ Մարատ Հակոբյան, Մանվել Պետրոսյան, Տաթև Վիրաբյան։ Միայն Մարատ Հակոբյանն է ազատության մեջ։ Բաբայանը նրա գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը բավարարվել է։
«Բոլորի մեղադրանքը նույնն է։ Պայման կա՝ զանգվածային անկարգություն են համարում, եթե մասնակցությունը միտինգին զուգորդվել է բռնություն գործադրելով։ Տաթեւը շիշ է շպրտել, ասում են՝ բռնություն է, Մանվելը մի ոստիկանի ապտակել է, հրել, ասում են՝ բռնություն է, մյուսը՝ քաշել է ոստիկանի ձեռքից։ Յուրաքանչյուրի վրա մեկական գործողություն է դրված։ Իմ պաշտպանյալների գործողություններից տուժած ոստիկաններ չկան։ «Կան ոստիկաններ, որոնք ասում են՝ քարը եկավ կպավ գլխիս, գլուխս բացվեց։ Ու կան տեսանյութեր, որոնք նույնականացնում են, մինչև հիմա, ու հերթով բռնում են մարդկանց», — ասում է փաստաբանը։
Դատավոր Մանվել Շահվերդյանին հաճախ են մակագրվում ընդդիմադիրների գործեր։ Նա ընդամենը 4 տարվա դատավոր էլ, բայց արդեն աչքի է ընկել ընդդիմադիրների դեմ որոշումներով։
Մանվել Շահվերդյանը իր կարիերան սկսել է որպես դպրոցի ուսուցիչ, դատավորի բարձր պաշտոնում է հայտնվել հեղափոխությունից հետո։
2019 թվականի նոյեմբերի 29-ին նա ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Բայց կես տարի էլ չի մնացել Լոռու մարզում, և 2020 թվականի մայիսի 20-ին նրան տարել են Երևան, նշանակելով ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Մանվել Շահվերդյանին, կարծես, միտումով մակագրվում են այնպիսի գործեր, որոնցով մեղադրական եզրակացությունները էմոցիոնալ առումով անընդունելի են հասարակության համար ու ամեն անգամ ձևավորված բարոյական նորմեր են կոտրում։
Հունիսի 9-ին Մանվել Շահվերդյանը կարդաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի դեմ կայացված դատավճիռը։
Հակոբյանը մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ՝ մի գործողություն։
Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման։ Ճիշտ է, ինչ որ մութ համաձայնության արդյունքում Գայանեն հրաժարվեց իր փաստաբաններից, ապա՝ նրան ազատ արձակեցին դատարանի դահլիճից, կիրառելով պայմանական պատիժ։ Բայց և այնպես դատավճիռը կայացվել էր, իսկ զոհվածի մորը դատապարտելը հանրության պատկերացնումներով խարան է դատավորի համար։
Նոյեմբերի 10-ին, ժամը 16։00 Երևանի ընդանուր իրավասության դատարանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի նստավայրում դատավոր Մանվել Շահվերդյանը ևս մի աղմկոտ ու բարոյական տաբուներ խախտող գործ է լսելու, որն առնչվում է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին։
«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, եվրոպական բազմաթիվ երկրներում ընդունված ու ճանաչված գործչի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածով՝ «Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»։
Մեղադրանքի հիմքում 2023 թ. ապրիլի 4-ին տեղի ունեցած «Միասին» հասարակական շարժման կազմակերպած հանրահավաքում Բագրատյանի արտասանած ֆրազներն են՝ «Այնտեղ /Արցախում- Ս․Ս․/գետինը չորանա, սկսվելու է պատերազմ։ Արցախն իր փոքրիկ բանակով իրեն դեռ պահում է։ Այդ պատերազմի ժամանակ մենք պետք է օգնության հասնենք, բայց մենք մի հատ պրոբլեմ ունենք՝ Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք պետք է հեռանան»։
Քննիչները ոստիկանների ականջով բռնության կոչեր են «լսել» նաև Բագրատյանի ելույթի հետևյալ դրվագում․
«Այս երկրում միշտ ծնվում էր մոտ 40 հազար մարդ, մահանում՝ մոտ 25 հազար։ + 15 հազար ունենալով, շատ դժգոհ էինք։ Էս երկու տարում անընդմեջ մահանում է 36 հազար մարդ, այդ թվերի մեջ ներառված չեն քովիդն ու զոհվածները։ Ունենք 36 հազար մահ, 35- 36 հազար ծնունդ․․․Վերացրեք այդ մարդուն․․․ վերացրեք այդ իշխանությունը»։
Ապրիլի 4-ի միտինգին հարյուրավոր մարդիկ են մասնակցել, սակայն Բագրատյանի դեմ ցուցմունք են տվել երկու ոստիկաններ, ինչը նախկին վարչապետի արդար դատաքննության իրավունքի խախտում է։
Իր դեմ առաջադրած մեղադրանքը Հրանտ Բագրատյանը մեկնաբանեց մեկ նախադասությամբ․ «Այս իշխանությունը ձեռք է բարձրացրել դեմոկրատիայի վրա»։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: