Հադրութի Հայկավան գյուղից տեղահնված Աստղիկը վեց անչափահաս երեխաների հետ 2020 թվականի պատերազմից հետո տեղափոխվել է Արմավիրի մարզի Լեռանգոգ գյուղ։ Forrights.am-ին ահազանգում է, որ Հայաստանի կառավարությունը դադարեցրել է իրեն վճարել երեխաներին հասանելիք խնամքի նպաստը։
«Մեր նպաստը կտրել են, ինչ սեպտեմբերի պատերազմը եղավ և Արցախը հայաթափվեց»,-ասում է տիկին Աստղիկը։ Նա դիմել է Արցախի ու Հայաստանի պետական կառույցներին, սակայն, որևէ մեկը սոցալապես ծանր վիճակում հայտնված վեց երեխաների մորը հստակ պատասխան չի տվել։
«Արցախի շտաբից ասում են՝ լուծարվել ենք, դիմեք Հայաստանի սոցապին, զանգում ենք 114 (ՀՀ աշխատանքի և սոցալական հարցերի նախարարության թեժ գիծ), ասում են մենք իրավունք չունենք ձեզ բան ասելու, սպասեք մենք կտեղեկացնենք»,-ասաց նա՝ նշելով, որ երեխաների նպաստը, երկու ամսական նորածնի խնամքի գումարը, որն առավել հայտնի է «կաթի փող» անվամբ, ինչպես նաև երրորդ և ավելի երեխաների դեպքում մինչև նրանց վեց տարեկան դառնալը տրամադրվող 50 հազար դրամը չի ստանում։ Այս ամբողջը միասին կազմում է շուրջ 255 հազար դրամ։
«Խանութներից պարտքով առևտուր եմ արել, չեմ կարողանում վճարել, մարդիկ էլ ապրանք չեն տալիս՝ իմանալով, որ նպաստ չենք ստանում։ Մենք էլ առևտուր չենք անում»,-ասում է երեխաներին կերակրելու խնդրի առջև կանգնած մայրը։
Բազմանդամ ընտանիքը կանգնած է նաև կոմունալ հարմարություններից զրկվելու վտանգի առաջ, քանի որ կուտակվել են սպառած ջրի, էլեկտրաէներգիայի և գազի ծախսերի պարտքերը։
«Ջուրը չեմ կարողանում մուծել, գազը գալիս անջատում են, ասում են՝ խաբում ես, արցախցիներին գումար են տալիս, ասում եմ՝ ես նպաստս Արցախից եմ ստացել, հիմա Արցախը լուծարել են, Հայաստանը մեզ նպաստ չի տալիս, ասում են՝ որտեղից ուզում ես բեր, տուր։ Հիմա ես ո՞ւմ դիմեմ, որ ինձ հետ մեղմ վարվեն, չանջատեն, սպասեն, տեսնենք, թե ինչ է լինում։ Վեց երեխա պահելը հեշտ չէ»,-ասում է նա՝ նշելով, որ աշխատելու հնարավորություն չունի, փոքրերին է խնամում։
«Ե՞րբ են քներից զարթնելու, մեզ էլ մի կարգավիճակ տան, որ մենք էլ կարողանանք ապրել։ Եթե չտան, ես չգիտեմ, թե իմ ընտանիքի հետ ինչ կատարվի, ես միայնակ մայր եմ, չեմ կարող աշխատել»,-ասում է տիկին Աստղիկը։
Նույն խնդրի առջև է կանգնած նաև երեք անչափահաս երեխաների մայր Սոնան։ Արցախից 2020 թվականին տեղահանված կինը երեք երեխա ունի։ «Երկու երեխաներս միակողմանի ծնողազուրկ են, երրորդ երեխաս ծնվել է երկրորդ ամուսնությունից։ Չեմ ստանում ոչ երկու երեխաների նպաստը, ոչ էլ նորածնի խնամքի գումարն ու երրորդ երեխայի համար տվրող 50 հազար դրամ աջակցությունը»,-ասում է Չարենցավանում բնակվող կինը։
Սոնային պետությունը պետք է վճարի յուրաքանչյուր ամսի 130 հազար դրամ։ «Ամուսինս օրավարձով բանվորություն է անում, սակայն, չի բավարարում բազմանդամ ընտանիքի կարիքների համար։ Հիմա ոչ մի աջակցություն չեմ ստանում, կառավարությունը թող իմանա, որ մենք դրա հաշվին ենք գոյատևում»,-ասաց նա։
44-օրյա պատերազմից հետո Արցախում իրենց տները՝ թշնամու վերահսկողության տակ անցնելու հետևանքով կորցրածները հանգրվանել են Հայաստանում։ Մինչ Արցախի հայաթափումը նրանք Հայփոստի միջոցով Արցախի կառավարության կողմից ստացել են իրենց թոշակները, նպաստները և այլ սոցiալական ծառայության համար տրվող գումարները, սակայն, բռնի տեղահանումից հետո ՀՀ կառավարությունը սառեցրել է այս վճարումները։ Աջակցության ծրագրերը միայն սեպտեմբերի 19-ից բռնի տեղահնվածների համար է։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Forrights.am-ին փոխանցեցին, որ այժմ քննարկման փուլում է, թե ինչպես պետք է լուծեն ավելի վաղ տեղահնվածների այս խնդիրները՝ չնշելով հստակ ժամկետներ, թե խնդիրը երբ կկարգավորվի։
Այս ֆոնին հիշարժան է դառնում, որ ՔՊ-ականները 220 հազար դոլար էին ծախսել Տիգրան Ավինյանի երդմնակալությունը կազմակերպելու համար, իսկ մի քանի օր առաջ էլ Ալեն Սիմոնյանը պատգամավորներին պարգևավճար բաժանելու կարգադրություն էր ստորագրել։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։