Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի շնորհիվ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կկարողանան ավելի բարձր պաշտպանվածություն ունենալ Հայաստանում և ՀՀ տարածքից դուրս։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
«Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ուժով մեր հայրենակիցները «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ըստ էության ճանաչվում են փախստականներ և օգտվում են միջազգային կոնվենցիոն բոլոր մեխանիզմներից։ Ըստ այդմ գտնվում են միջազգային պաշտպանության ներքո՝ թե ՀՀ-ում, թե Հայաստանի տարածքից դուրս։ Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը կառավարության կողմից տրվել է 1 տարի ժամկետով։ Իհարկե, երկարաձգման հնարավորությունը ևս նախատեսված է կառավարության որոշման շրջանակներում»,-մանրամասնել է Սարգսյանը՝ նշելով, որ կառավարության որոշումը նաև հստակեցնում է, թե ո՞ր սուբյեկտներին է տրվում նման կարգավիճակ։
«Որոշումն առանձնացնում է 3 խումբ անձանց․ առաջին խմբի ներքո ներառվում են այն անձինք, որոնք այս պահի դրությամբ հաշվառված են ԼՂ-ի բնակչության ռեգիստրում։ Երկրորդ խումբ անձինք նրանք են, ովքեր թեև հաշվառում չունեն, սակայն նրանց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը, և նաև նրանք, ովքեր հաշվառված չեն ԼՂ բնակչության ռեգիստրում,սակայն բռնի տեղահանման արդյունքում հաշվառվել են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից վարվող տվյալների շտեմարանում»,-հավելել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ բացառություն են կազմում այն անձինք, ովքեր արդեն ունեն այլ պետության քաղաքացիություն։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: