Արցախից բռնի տեղահանվող 22-ամյա Էրիկ Հակոբյանին Ադրբեջանի բանակի զիննծառայողները կողոպտել են։ Դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղակայված զինյալները շրջապատել են նրան և պահանջել թանկարժեք ոսկյա շղթան։ Այս մասին Forrihgts.am-ի հետ զրույցում ասաց Էրիկ Հակոբյանը։
«Մամաս էր, 2022 թվականի հունվարին նվիրել այդ ցեփը, որ ծառայությունս ավարտել էի»,-ասում է Էրիկը նշելով, որ այն արժեր 400 հազար դրամ։
Սեպտեմբերի 27-ին Էրիկը ծննդավայր Ճարտարը վերջին լքողներից էր։ Ընտանիքը մի քանի օր առաջ էր հեռացել այնտեղից, ինքը օգնում էր տարեցներին ու մանկահասակ երեխա ունեցողներին։ Այդ նպատակով մոտակայքից զինվորական «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա էր գտել։
Կանգնեցրեցին ու մտան Ուրալի մեջ։ Չգիտեմ ոնց՝ մի տուփ պատրոն ճարեցին, բայց չգիտեմ, թե ինչպես։ Ես Ուրալի մեջ պատրոն չեմ տեսել, հետո սկսեցին ավտոն քանդել»,-պատմեց Էրիկը՝ նշելով, որ ավտոմեքենան տակնուվրա անելուց հետո նկատել են պարանոցի թանկարժեք շղթան ու պահանջել տալ իրենց։ Ադրբեջանցի զինծառայողները ութ հոգով են եղել։
«Մեկը կանչեց ինձ ու ասաց՝ ցեփդ հանի, չհանեցի, երկու անգամ ասեց չհանեցի, երրորդ անգամ ձեռքով ցեփս ցույց տվեց, հանեցի տվեցի իրեն, ասաց՝ գնա։ Ադրբեջաներեն էր խոսում, չէի հասկանում, թե ինչ էր ասում։ Ես էլ բան չէի ասում, քանի որ երեխաներ կային, ուզում էի անցնել»,-ասաց նա։
Ճարտարից դուրս գալիս Էրիկը «Ուրալին» կցել է նաև մեկ այլ մարդատար ավտոմեքենա, որպեսզի համաքաղաքացի ևս մեկ ընտանիքի կարողանա փրկել։
«Պոլկի ավտոն է եղել, ես էլ այդ մեքենայով երկու ընտանիքի էի բերում՝ իրենց վեշերով։ Էն մի կապած ավտոյի մեջ էլ մի ուրիշ ընտանիք էր, երեխաներով, իրենց մեքենան խոդի չէր ընկնում։ Ճարտարից մինչև Գորիս քաշելով բերել եմ։ Մեծ կին կար՝ տարիքով, մեծ պապիկ կար, երեք փոքր երեխա՝ կուզովում, էն մի ավտոյի մեջ էլ բարուր երեխա։ Շատը էրեխեքի համար իրենց հետ լեզվակռվի մեջ չմտա, ուզեցի շուտ անցնեմ»,-ասաց նա։
Էրիկը ստիպված է եղել իր անձնական ավտոմեքենան թողնել Ճարտարում, քանի որ Հայաստան բերելու հնարավորություն չի եղել, իսկ միակ միջոցը՝ «Ուրալին» կցելն էլ արդեն զբաղված է եղել, անչափահաս երեխաներին տեղափոխող մեքենան է որոշել կցել։
«Իմ անձնական ավտոն թողել եմ տանը, մեծ ավտոն եմ բերել, հույս ունեի, որ այստեղ մի փոխհատուցում կտային, էն էլ եկան տարան, ոչինչ չտվեցին։ Իմ ավտոն չբերեցի, քանի որ բենզին չկար, համ էլ եթե իմ ավտոյով գայի, էն ընտանիքները, որոնց բերում էի, չէին կարողանալու Ճարտարից դուրս գալ։ Կարող էի իմ ավտոն կապեի Ուրալին բերեի, բայց էն մի ընտանիքն ինչ աներ։ Ռազմականից եկան տարան, ասացին՝ պետական գույք է, ասում են կարողա փոխհատուցեն, բայց ինչ ասես»,-ասաց նա և նշեց, որ Արցախից Հայաստան բռնի տեղահանվելիս էլ ոչ մի աջակցութուն չի տեսել։
«Գիշերը բենզինը բերեցին ու ասացին՝ առավոտ Ճարտարից դուրս եք գալիս, բախտի քմահաճուքին էինք մնացել»,-ասաց նա։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: