Հոկտեմբերի 20-ին Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցավ արցախցիների բողոքի ցույցը․ մարդիկ երկրի նախագահ Սամվել Շահրամանյանից պահանջում էին բացատրել, թե ինչ է լինելու արցախցիների օրինական վճարումների հետ, ով է պատասխանատու սեփականության և այլ իրավունքների համար և ոնց են լուծվելու իրավական, փաստաթղթային այլ հարցեր։

Սամվել Շահրամանյանի եղբորը ծեծի ենթարկելը, մի քանի ցուցարարների բերման ենթարկելը, մամուլում ու սոցիալական ցանցերում բարձրացված աղմուկը հանգեցրին նրան, որ ցուցարարների հարցերը կորան աղմուկի մեջ։

Մեկ ամիս է անցել Արցախի բռնագաղթից և Արցախի Հանրապետության լուծարման չարաբաստիկ «հրամանագրից» (ի դեպ, Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ ինքը նման հրամանագիր չի ստորագրել, իսկ ժողովրդի կամքով ստեղծված պետությունը մեկ թղթով հնարավոր չէ վերացնել)։

Սկզբում արցախցիների հարցերով զբաղվում էր Արցախի կառավարությանն առընթեր ստեղծված Օպերատիվ շտաբը։ Բայց հոկտեմբերի 25-ին այն փակվեց, և ասվեց, որ բոլոր գործերը փոխանցվում են ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծված Հումանիտար կենտրոնին։

Անունն ինքնին հուշում է, որ Հայաստանի իշխանությունն արցախցիների խնդիրներն ընկալում է բացառապես հումանիտար համատեքստում։ Դա են վկայում նաև կառավարության քայլերը՝ բռնագաղթված, հյուծված արցախցիներին առաջին օգնություն ցուցաբերելուց և կացարաններով ապահովելուց հետո կառավարությունը հայտարարեց բոլոր տեղահանված արցախցիներին 100 հազար դրամի միանվագ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։ Հետո հայտարարվեց, որ 6 ամիս մեկ անձին կտրամադրվի 40+10 հազար դրամ՝ բնակարանային ու կոմունալ ծախսերը վճարելու համար։ Օրերս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասել էր, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին արցախցիներին կտրամադրվի եւս 50 հազար՝ որպես աշխատավարձի ու թոշակի փոխհատուցում։

Սա, իհարկե, մեծ օգնություն է արցախցիներին, բայց պետական ​​օրինական վճարումների բացակայությունը՝ աշխատավարձեր, թոշակներ և նպաստներ, բոլորովին այլ՝ ոչ ֆինանսական և ոչ մարդասիրական հարցերի տեղիք է տալիս։ Հենց դրա համար էլ Արցախի ժողովուրդը գնացել է ներկայացուցչություն՝ հանդիպելու նախագահի հետ։ Բայց ինչ-որ մեկը միտումնավոր անկարգություններ է հրահրել, որպեսզի ճշմարտությունը ջրի երես դուրս չգա։

Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ իրավասու չէ տրամադրել Արցախի Հանրապետության կողմից նշանակված աշխատավարձերն ու կենսաթոշակները։ Արցախի Հանրապետությունն ինքն այլեւս չունի գործող պետական ​​բյուջե։ Սա նշանակում է, որ 120-130 հազար արցախցի նախ զրկվել է հայրենիքից, անձնական ունեցվածքից, գենոֆոնդից (2023թ. սեպտեմբերյան մի քանի օրում 500 երիտասարդի մահ), իսկ հիմա փորձում են ջնջել արցախցինրի կենսագրությունն ու անցյալը։

Ցանկացած պետական ​​թոշակ կամ աշխատավարձ՝ մի ամբողջ կենսագրություն է, աշխատանքային ստաժ, ձեռքբերումներ, մարտական պարտականություն, վաստակած հանգիստ, հարկային վճարումներ և այլն։ Արախցիների կենսագրությունը կճանաչվի՞ Հայաստանի Հանրապետության կողմից. Ըստ ամենայնի, պատասխանը բացասական է, եւ 50 հազար դրամ հատկացնելու նոր որոշումը վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնելու Արցախի ժողովրդին կենսաթոշակներ և օրինական վճարումներ վճարելու պարտավորություն։

Սա նշանակում է, որ մարդիկ կկորցնեն իրենց անցյալը՝ դառնալով Հումանիտար կենտրոնի անիրավ շահառուներ, և նրանց ապագա օրինական եկամուտը կախված կլինի ոչ թե աշխատած տարիներից, երկրի առաջ ծառայություններ եւ պարտականություններ կատարելուց ու հարկային վճարումներից, այլ Երևանի պաշտոնյաների քմահաճույքից։ Հիշեցնենք, որ խոսքը ՀՀ անձնագիր ունեցող մարդկանց մասին է։

Արցախի ժողովրդի «կենսագրությունը» ճանաչելու որոշումը միջազգային թույլտվություն և բարդ լուծումներ չի պահանջում, միայն Հայաստանի իշխանության քաղաքական կամք և ցանկութուն։ Արդյո՞ք Հայաստանի իշխանությունը ցանկանում է Արցախի ժողովրդին ինտեգրել որպես Հայաստանի լիիրավ քաղաքացիներ, թե՞ մտադիր է տարիներ շարունակ պահել նրան «հումանիտար կաթիլայինի» վրա՝ որպես պատանդ քաղաքական հակառակորդների դեմ։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest