Արցախից բռնի տեղահանված արցախցիներից ոմանք արդեն առանձին բնակարաններ են գտել, շատերը, սակայն,  նախատեսում են դեռ մի քանի ամիս մնալ ժամանակավոր կացարաններում:

Իռա Սողոմոնյանի ութ հոգանոց ընտանիքն այժմ ապրում է Աբովյան քաղաքում գտնվող սպորտի եւ մշակույթի համալիրում: «Ձմեռն այստեղ կանցկացնենք, հետո արդեն կփորձենք տուն գտնել: Մեզ հիմա այստեղ ամեն ինչով ապահովել են` կացարանով, սնունդով, վերաբերմունքով»,- ասում է տիկին Իռան:

Նա ասում է, որ թեեւ Արցախում շատ բան է թողել, բայց դրա մասին չի մտածում. «Հազիվ մազապուրծ ձեւով դուրս ենք եկել: Միայն մեր հագի շորերով: Ոչ մի բան չենք կարողացել մեզ հետ վերցնել: Համարյա երկու օրում հասել ենք Հայաստան… Մեր գյուղը համարյա սահմանամերձ է, հրետակոծությունների տակ էինք: Տան հետեւում նստած սպասում էինք: Երբ հրետակոծությունը ավարտվեց, հավաքվեցինք ու առանց վարանելու դուրս եկանք:

Ամեն ինչ թողեցինք` տուն, տեղ, հողամաս, բայց բան աչքներիս չի երեւում, Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունից վեց հոգի մեր գյուղից են եղել: Աչքներիս այլ կորուստ չի երեւում, այդ էրեխեքը չկան, էլ ինչ տուն տեղ երեւա աչքներիս:

Սպորտի եւ մշակույթի համալիրում է ապրում նաեւ Ռիկոլ Միրզոյանը` կնոջ եւ տարեց հոր` Միքայել Միրզոյանի հետ:  «Հայրս 1-ին կարգի հաշմանդամ է, աչքերի վիրահատության կարիք ունի: Արցախից դուրս երբեք չենք եղել երկար ժամանակով, չգիտենք, թե այստեղ ինչը ինչպես է արվում: Մի քիչ ժամանակ անցնի, կդիմենք բժիշկներին»:

Նա չի ցանկանում պատմել իր հետ տեղի ունեցածը , ասում է` մեզ հետ եղածը բոլորը գիտեն, հեռուստացույցով տեսել են.  «Բոլորի պես ամեն ինչ թողել մի ձեռք հագուստով դուրս ենք եկել… Տեսնենք, թե ինչ կլինի… Բոլորը դատարկ ձեռքով են եկել ու մինչեւ հիմա էլ կոնկրետ չգիտեն, թե ինչ են անելու»:

Ինչպես արդեն հայտնել ենք, Աբովյան քաղաքում գտնվող սպորտի եւ մշակույթի համալիրում  ընդհանուր առմամբ ապրում է 100 հոգի: Իսկ ամբողջ քաղաքում հաստատված արցախցիները 5300-ն են:

Անի Գևորգգյան

Տեսանյութի հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

Տեսանյութի հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest