Իսրայելը հիվանդանոցի ոչնչացման համար պաղեստինցիներին է մեղադրում:
Հոկտեմբերի 17-ին Իսրայելի օդուժը հարված է հասցրել Գազայում «Ալ Ահլի Ալ Արաբ» հիվանդանոցին, որում այդ պահին մեծ թվով մարդիկ են եղել՝ վիրավորներ և ապաստանած բնակիչներ:
Al Arabiya հեռուստակայանի փոխանցմամբ, իսրայելական աննախադեպ հզոր հարվածից զոհվածների թիվը գերազանցել է 800-ը:
Իսրայելն այդ հարվածը հասցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կատարելիք այցի նախօրեին:
Արաբական երկրները, Իրանը, Թուրքիան, մի շարք մահմեդական պետություններ խստորեն դատապարտել են հիվանդանոցի թիրախավորումը:
«Համաս»-ը հայտարարել է, թե այդ հարվածից հիմնականում զոհվել են ոչ միայն հիվանդներ, այլև նախորդ օդային գրոհների հետևանքով անօթևան մնացած մարդիկ, ովքեր ապաստանել էին հիվանդանոցում, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
«Կան բազմաթիվ մասնատված և ջախջախված մարմիններ, արյան լճակներ», — ասել է «Համաս»-ի բարձրաստիճան անդամ Իզզաթ Էլ-Ռեշիկը:
Պենտագոնը հայտնել է, որ տեղյակ է հիվանդանոցին հասցված հարվածի մասին, սակայն մանրամասներ չունի:
«Մենք ակնկալում ենք, որ բոլոր ժողովրդավարական երկրները, ինչպիսին Իսրայելն է, պետք է պահպանեն պատերազմի օրենքը», — հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Գազայի առողջապահական մարմինների փոխանցմամբ, հոկտեմբերի 17-ի դրությամբ զոհվել է ավելի քան 3 հազար պաղեստինցի: Իսրայելի զոհերի թիվը մոտ 1400 է:
Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել Գազայի հիվանդանոցի հրթիռակոծման հետևանքով մեծ թվով մարդկանց զոհվելու կապակցությամբ:
Իսրայելի բանակը պնդում է, որ հիվանդանոցի պայթեցման պատասխանատվությունը պաղեստինյան կողմն է կրում:
«Մեր հետախուզական տվյալները վկայում են, որ «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խումբն է Գազայի հատվածից հրթիռի անհաջող արձակումով ոչնչացրել այդ հիվանդանոցը», — հայտարարել է իսրայելական բանակը:
Վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ պնդել է, թե հիվանդանոցի վրա ահաբեկիչներ են հարձակվել:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: