«Երեկ երեխաները իրար մեջ խոսում էին, որ Տատիկ- Պապիկի արձանը քանդվելու է: Շատ ազդվել ու տագնապել էին դրանից»,- պատմում է Արցախից տեղահանված Դիանա Այվազյանը ու ավելացնում` իր եւ հազարավոր արցախցի երեխաները հոգեկան խաղաղությունը վերականգնելու կարիք ունեն:
Երկու մանկահասակ երեխաների մայրը ժամանակավոր բնակություն է հաստատել Աբովյան քաղաքում գտնվող սպորտի եւ մշակույթի համալիրում: Ընդհանուր առմամբ, այս պահին այստեղ ապրում է 100 հոգի: Իսկ ամբողջ քաղաքում հաստատված արցախցիները 5300-ն են:
«Մենք Մարտակետից ենք, բայց ապրում էինք Ստեփանակերտում: Մինչեւ սեպտեմբերի 19-ը ես աշխատում էի, ամուսինս ծառայում էր, կիսուրս թոշակառու էր… Ամսի 19-ին մի երեխան տանն էր տատիկի հետ, մյուսը դպրոցում էր: Երբ սկսվեց․․․ իջանք նկուղ, հետո էլ ինչպես բոլորը` սեպտեմ,բերի 24-ին իմացանք, որ պետք է տունը լքենք: 36 ժամ ճանապարհ ենք անցել…Ահավոր ծանր էր, մեծ փոքր` ամեն ինչ խառնված: Միայն հագուստ ենք վերցրել, այն էլ ինչ պատահի, մինչեւ վերջին վայրկյանը չէինք պատկերացնում թե ինչ պետք է լինի: Երեխաների հետ ճանապարհը շատ դժվար էր, մանավանդ փոքր երեխայի համար: Շատ երկար տեւեց ամեն ինչ, ինը ամիս բլոկադայից հետո էլ սնունդ էլ չկար վերցնելու, որ, օրինակ, քաղցրավենիք, կամ այդպիսի մի բան վերցնեինք ճանապարհին երեխաների համար: Կես հաց ունեինք, սեպտեմբերի 19-ին վերցրած կես հացն էր: Այդ կես հացն ենք վերցրել ու երեք լիտր ջուր»,- պատմում է Դիանա Այվազյանը:
Նա հիշում է, որ ճանապարհին իրական քաոս էր, սակայն ով՝ ում ինչով կարողանում օգնում էր. «Ճանապարհին դռները ծեծում, երեխաների համար կես խնձոր էինք խնդրում, մինչեւ հասնենք Հայաստանի տարածք, որ կարողանանք ինչ-որ բան վերցնենք: Երբ հասանք Գորիսում մեզ տաք սնունդով, երեխաների համար ամեն ինչով մեզ դիմավորեցին… Դեռ նոր ենք փորձում իրականության հետ հաշտվել, ամուսինս ՊՆ-ում ծառայության է անցել, ես էլ եմ աշխատանքի համար մի քանի տեղ դիմել, աղջիկս սկսել է մոտակա դպրոցը գնալ, դեռ այստեղ կմնանք, մինչեւ հասկանանք, թե ինչ պետք է անենք»:
Երիտասարդ կնոջ դուստրն արդեն մի քանի օր է, ինչ այցելում է Աբովյան քաղաքի դպրոցներից մեկը, սակայն նրա ուուցչուհին աղջկա մոտ արդեն տագնապի լուրջ նշաններ է նկատել: «Ուսուցիչը ինձ հետ ուզում էր խոսար, հետաքրքրվում էր, թե արդյոք երեխաս տարօրինակություն ունի, թե ոչ, ասաց, որ դասի ժամանակ նկատում է, որ ամեն փոքր բանից վեր է թռչում: Ստեփանակեռրտի ռմբակոծությունից շատ էր վախեցել, բացի դա երկու օր տեղեկություն չուներ իր հայրիկի մասին եւ դրանից էլ էր շատ վախեցել»,- պատմում է կինը:
Ասկերանի Մխիթարաշեն գյուղից տեղահանված 21-ամյա Քնար Տոնյանը եւս երկու երեխաների մայր է եւ վստահ է` երեխաներին աջակցելը պետք է առաջնահերթ լինի:
«Իմ փոքր երեխան շրջափակման մեջ ծնվեց եւ ժամանակից շուտ, ամեն ինչ շատ ահավոր էր: Մրգի հերթի ժամանակ ինձ հրեցին- գցեցին ու ես ընկա հիվանդանոց: Նորածնի համար անհրաժեշտ վիտամիններ մինչեւ 4 ամսական տվեցին, էլ չկար… մանկական կաթնախառնորդի խնդիր եմ ունեցել, հիվանդանոցը տվել է ամիսը մեկ անգամ, բայց դա չէր հերիքում, քաշ չէր ավելացնում երեխաս, բայց հիմա արդեն քիչ քիչ սկսվում է ամեն ինչ կարգավորվել»,- պատմում է նա:
Կինն ու նրա ընտանիքը վերջինն են գյուղից դուրս եկել: «Գյուղի ոստիկաններից մեկն է պատահաբար իմացել, որ մենք դեռ տանն ենք ու ասել է, որ շտապ դուրս գանք, չգիտեինք, որ արդեն պետք է գնալ: Արդեն ճանապարհին 24 ժամից ավել տեղում կանգնած ենք եղել, ոչինչ մեզ հետ չէինք վերցրել, մի բեռնատարի վարորդ իր հետ գազիվառարան էր վերցրել, դա խնդրում էինք, որ մի քիչ տաքանանք: Երեխաներին դժվար էր ճանապարհին պահել, համարյա անհնար էր, բայց եկանք տեղ հասանք մի ձեւ: Աղջիկս շատ ակտիվ ու շարժուն է ու միշտ հարցնում է` բա երբ ենք հետ գնալու: Ու ես չգիտեմ ինչ ասել»,- ասում է նա:
Անի Գևորգյան
Տեսանյութի հեղինակ՝ Լուսինե Հակոբյան
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։