Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։ Դատարանը հոկտեմբերի 12-ին կքննի Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։

Հայաստանի Հանրապետությունը, վկայակոչելով կանոնադրության 41-րդ հոդվածը և Դատարանի կանոնակարգի 73-րդ հոդվածը, հարցում է ուղարկել դատարան՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված իրավունքների պահպանման և պաշտպանության համար» ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին:

Հայաստանը խնդրում է դատարանին կիրառել ժամանակավոր միջոցները և հաստատել Ադրբեջանի պարտավորությունները՝ համաձայն այդ գործով կայացրած վճիռների, մասնավորապես ՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023 թվականի փետրվարի 22-ի:

Միջոցների ցանկի տրամաբանությունը հանգում է նրան, որ Արցախում դեռ հայեր կան, բռնի տեղահանվածները պետք է հնարավորություն ունենան վերադարնալ, բայց, փաստորեն, արդեն Ադրբեջանի տարածք եւ որպես Ադրբեջանի քաղաքացիներ։ Իսկ եթե ոչ, Արցախի բնակիչը զրկված կլինի եւ ՀՀ, եւ Ադրբեջանի կողմից տրամադրվող «իրավունքներից»։

Հայցն ըստ երեւույթին լուծված է համարում Արցախի տարածքի պատկանելիության հարցը, թեկուզ որեւէ փաստաթուղթ կամ պայմանագիր այդ մասին չկա։ Բոլորը վկայակոչում են Նիկոլ Փաշինյանի ինչ-որ հայտարարություն՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։ Սակայն միայն այդ փաստը վկայում է, որ ուրիշ ոչ մի «փաստարկ» չկա, հակառակ դեպքում բոլորի աչքը կմտցնեին նույնիսկ ամենավերջին թղթի կտորը։

Բայց դա վերաբերում է միայն տարածքին, իսկ այնտեղ բնակվող մարդկանց իրավունքները այլ հարթությունում են, հատկապես որ 100 հազար մարդ թողել է իրենց հայրենիքը, քանի որ չի ցանկացել ցեղասպան Ադրբեջանի տիրապետության տակ ապրել։

Այնուամենայնիվ, Հայաստանի՝ ընդդեմ Ադրբեջանի հայցում նշված է, որ «Ադրբեջանը պետք է ճանաչի և գործողության մեջ դնի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից ստեղծված քաղաքացիական կացության ակտերի գրանցումները, անձը հաստատող փաստաթղթերը, սեփականության իրավունքները և գրանցամատյանները և չոչնչացնի կամ չառգրավի այդպիսի գրանցամատյաններն ու փաստաթղթերը»։

Ի՞նչ կլինի, երբ Ադրբեջանը ճանաչի «Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից ստեղծված քաղաքացիական կացության ակտերի գրանցումները, անձը հաստատող փաստաթղթերը, սեփականության իրավունքները»։ Չմոռանանք, որ խոսքը 120 հազար ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ Արցախից անհայտ ժամանակով բռնի տեղահանված, իրենց սեփականությունը տնօրինելու հնարավորութուն չունեցող մարդկանց մասին է։

Ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը ինքը չի ճանաչում «Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից ստեղծված քաղաքացիական կացության ակտերի գրանցումները, անձը հաստատող փաստաթղթերը, սեփականության իրավունքները», որպեսզի մարդիկ, որոնք ՀՀ անձնագրեր ունեն եւ հիմնականում Հայաստանում են բնակվում, կարողանան ՀՀ միջոցով պաշտպանել իրենց գույքային եւ այլ իրավունքները։

ՀՀ կառավարությունը Արցախի բնակիչներին ինտեգրելու ծրագիր չի ներկայացրել եւ խոսում է միայն կարճաժամկետ օժանդակության մասին։ Կառավարությունը նաեւ չի հստակեցնում, թե ինչ իրավական կարգավիճակ ունեն Արցախից բռնատեղահանված մարդիկ՝ փախստականների՞, ներքին տեղահանվածների՞, ՀՀ լիիրավ քաղաքացիների՞, թե՞ Ադրբեջանի «մոլորված» քաղաքացիների։ Փաշինյանի տված կարգավիճակը՝ «քույրեր եւ եղբայրներ» է։

Նիկոլ Փաշինյանը ապօրինի ճանաչել է Արցախի տարածքը «Ադրբեջանի մաս»։ Եթե ՄԱԿ դատարանը բավարարի Հայաստանի հայցը, եւ Ադրբեջանը ճանաչի «Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից ստեղծված քաղաքացիական կացության ակտերի գրանցումները, անձը հաստատող փաստաթղթերը, սեփականության իրավունքները», ապա կստացվի, որ Հայաստանը Արցախի բնակչությունը եւս ճանաչում է «Ադրբեջանի մաս»։

Նաիրա Հայրումյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest