Չկա որևէ տեղեկություն, թե ինչ է լինելու Արցախի զնենքերի և ռազմատեխնիկայի հետ։ Արցախի բանակը զինաթափելուց հետո հայտնի դարձավ, որ ՊԲ-ն ունեցել է 92 միավոր զրահատեխնիկա, 142 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 124 միավոր ՀՕՊ միջոցներ,112 դաշտային հրետանու թնդանոթ, համազարկային կրակի հրթիռային համակարգ և ականանետ,1 միավոր անօդաչու թռչող սարք, ավելի քան 7 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ և 66,1 միլիոն ռազմամթերք։ Այս տեղեկությունը հայտնում է Արցախում տեղակայված ռուսական զորախումբը։ Արդյո՞ք հնարավոր էր շուրջ տասամսյա շրջափակման մեջ գտվող Արցախում այսքան զենքով դիմակայել Ադրբեջանին։
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ Արցախի ՊԲ-ն կարող էր այն կիրառել երկրի պաշտպանության համար։ «Դա չորս մոտոհրաձգային բրիգադի լիարժեք սպառազինության կոմպլեկտ է, եթե հարցն այն է, թե դա իրենից ինչ ուժ է ներկայացնում, կարելի է ասել, որ բանակ է, օրինակ ռուսական բանակները իրենց կազմում չորս-հինգ բրիգադ ունեն, դա լիարժեք բանակ է։ Այդ բանակը հաղթահարելու համար առնվազն երեք անգամ ավել զորք է հարկավոր։ 12 բրիգադն Ադրբեջանի բանակի հիսուն տոկոսն է»,-ասաց նա։
Անդրիաս Ղուկասյանի խոսքով հնարավոր էր ստեղծել պաշտպանական դիրքեր, որը չէ կարող հասնել նրան, որ ադրբեջանական բանակը ջախջախվեր, բայց առնվազն մինչև երեք ամիս կարող էին ապահավել Արցախի պաշտպանություն։ Քաղաքագետն այս սցենարի իրականացումը հնարավոր էր համարում Հայաստանի հետ փոխգործակցությամբ։
«Բնականաբար դա նշանակում է, որ ՀՀ-ն պետք է ռազմական գործողությունների մեջ ներքաշվեր և այսպիսով նման պաշտպանական օպերացիան, երբ Արցախն իր վրա է քաշում ադրբեջանական զորքերի զգալի մասը՝ իր պաշտպանությամբ, ՀՀ-ն հարված է հասցնում մեր սահմանների կողմից՝ Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում, դա կարող էր բերել Ադրբեջանի բանակի պարտության։ Նման ռազմավարություն կլիներ, եթե համաձայնեցված լիներ Արցախը պաշտպանելու հարձակողական պլանը, մենք այդ դեպքում կունենայինք հաղթանակ՝ թշնամու բանակի ջախջախման դեպքում»,-ասաց նա և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք չպետք էր դիտարել տարբերակն այդ զենքերը ՀՀ տեղափոխելու համար, քանի որ այն անհրաժեշտ է նաև Հայաստանի սահմանները պաշտպանելու համար, Անդրիաս Ղուկասյանն ասաց․
«Տրամաբանությունն այդ զենքերի այնտեղ մնալու Արցախի ինքնապաշտպանությունը կազմակերպելն էր։ Ենթադրվում էր, որ Արցախում կստեղծվի պաշտպանական ներուժ, որն ադրբեջանի համար բարդ իրավիճակ կստեղծի, այդ ներուժը հաղթահարելու համար, ռազմական դոկտրինը հուշում է, որ պետք է երեք անգամ ավելի զորք ունենաս, որպեսզի ճնշես պաշտպանությունը։ Արցախի չորս բրիգանդները հաղթահարելու համար անհրաժեշտ էր հինգ-վեց բրիգադ, Ադրբեջանն ունի 24 բրիգադ։ Տրամաբանություն կար պաշտպանական ներուժ ստեղծել Արցախում, հարձակողական ներուժ Հայաստանում և այդ երկու ներուժի ճիշտ ռազմավարության դեպքում հնարավոր էր Ադրբեջանի բանակին պարտության բերել մի քանի պատճառով՝ հաշվի առնելով, որ Քարվաճառի և Քաշաթաղի շրջաննեերը լոգիստիկ խնդիրներ ունեն և նրանց մատակարարումներ հնարավոր չէր լինի անել։ Այստեղ առավելությունը հայկական կողմի մոտ էր, մեր հրամանատարությունը պետք է մտածեր այդ առավելությունները մեր օգտին օգտագործելու մասին»,-ասաց նա։
Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ Արցախի ՊԲ զենքերը տեղափոխվելու են ռուս-ուկրաինական պատերազմի դաշտ։ «Ռուսաստանը տեղափոխելու է և օգտագործելու է Ուկրաինայի դեմ։ Զենք անցել է ՌԴ-ին և ՌԴ-ն հիմա զբաղված է այդ զենքի տեղափոխմամբ՝ ՀՀ-ի և Իրանի տարածքներով, Ադրբեջանը հրաժարվեց իր տարածքով տրամադրել միջանցք, ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցն է և թույլ կտա, որ այդ զենքը դուրս բերել»,-ասաց նա։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: