Մարտունու Բերդաշեն գյուղից բռնի տեղահանված 33-ամյա Կամո Սողոմոնյանը ոտքի շտապ վիրահատության կարիք ունի: Նա չի կարող այն իրականացնել, քանի դեռ չունի բնակության վայր, որտեղ շուրջ մեկ տարի կարողանա վերականգնողական փուլ անցնել:
Սողոմոնյանի յոթ հոգանոց ընտանիքն այժմ կիսվել է․ մաս–մաս ապրում են երեւանյան տարբեր բարեկամների տներում:
«4 տարեկան, 6 եւ 8 տարեկան երեխաներս հիմա այլ բարեկամների տանն են, ծնողներս` մեկ այլ ծանոթի»,- ասում է Կամոն:
Նա պատմում է, որ ոտքի վիրավորում է ստացել 44-օրյա պատերազմի ժամանակ.
«Ես ենթասպա եմ եղել, վիրավորում ստանալուց հետո դարձել եմ 3-րդ կարգի հաշմանդամ ու զրկվել եմ աշխատելու հնարավորությունից: Սկզբում սայլակով էի տեղաշարժվում, հետո խոդունոկ էր, հետո երկու ձեռնափայտ»:
Դեռ ամիսներ առաջ նշանակված էր Կամոի հերթական վիրահատությունը, սակայն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով նա չէր կարողացել գալ Երեւան: Ստեփանակերտում էլ այդ վիրահատությունն իրականացնելը հնարավոր չի եղել` կրկին շրջափակման պատճառով հիվանդանոցներում անհրաժեշտ դեղերի եւ պարագաների բացակայության պատճառով:
«Ծնկիցս մինչեւ գոտկատեղս հիմա իմպլանտ է դրված: Բեկորային վնասվածքի հետեւանք է դա: Այդտեղից արտադրություն է գալիս, դա պետք է մաքրեն, իմպլանտը պետք է հանեն եւ մաքրեն: Թե հետագայում ինչ պետք է արվի, դեռ չգիտեմ: Բայց բժիշկները ասել են, որ դրանից հետո պետք է սայլակ նստեմ: Վնասվածքը ստացել եմ 2020-ի հոկտեմբերի 10-ին Զաբրայիլում: Բեկորային վնասվածք է եղել: Առաջին վիրահատությունը Ստեփանակերտում էին արել, հետո բերել են Երեւան, չորս վիրահատություն էլ Իզմիրլյան հիվանդանոցում եմ տարել»,- ասում է նա:
Սողոմոնյանը հույս ունի, որ հնարավոր կլինի իր ու ընտանիքի համար գոնե փոքրիկ տուն գտնել ու պառկել վիրահատության, որպեսզի իր ոտքում ստեղծված բարդություններն ավելի չխորանան:
Նախկին ենթասպան դժվարությամբ է խոսում Արցախից բռնի տեղահանության մասին.
«Դժվար էր Հայաստան գալը, բայց այդ դժվարությունը հաղթահարեցինք: 26 ժամ տեւեց ճամփան: Իմ մեքենայով էինք… Այնտեղ էլ էր դժվար, ամեն ինչն էլ դժվար էր, ուզում էինք համակերպվենինք, բայց ոչ ստացվեց համակերպվել, ոչ մնալ…Ամեն ինչ ունեինք: Պատերազմից հետո ֆերմա էի ստեղծել, փոքր էր, բայց իմն էր: Կնոջս, ծնողներիս օգնությամբ պահում էինք: Չենք ուզում հավատալ, որ հետ չենք գնալու, մեր մեջ դեռ մտածում ենք` մի օր լույսը կբացվի, նրանց այնտեղից կհանեն, մենք էլի կգնանք մեր տներում մեր առօրյան կշարունակենք…»:
Լուսանկարները և տեքստը՝ Անի Գևորգյանի
Տեսանյութը՝ Լուսինե Հակոբյանի
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։