55-ամյա Էմմա Ավագյանը 44-օրյա պատերազմից առաջ ապրում էր Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում, որտեղից տեղահանվելուց հետո` Ստեփանակերտում: Այժմ էլ փորձում է իր եւ իր ընտանիքի համար կացարան գտնել Արարատի մարզում:
«Երկու տուն թողեցի: Մի տունը թողել եմ գյուղում, հետո որպես զոհվածի կին տուն եմ ստացել Ստեփանակերտում, հիմա էլ նորից նույն ձեւի թողեցի դա, դուռը փակեցի, մի ձեռք շոր վերցրի ու եկա: Այդքան բան»,- ասում է նա:
Հիշելով 2020-ը, տիկին Էմման պատմում է. «Պատերազմը սկսելուց հետո երեխաներիս հետ տեղափոխվել եմ Երեւան: Ամուսինս մնացել է գյուղի պաշտպանական ջոկատում, որպես աշխարհազոր: Մանսակցել է գյուղի պաշտպանությանը, թեեւ առաջին պատերազմից հետո հաշմանդամություն ուներ: Հոկտեմբերի 24-ին գյուղի շրջափակայքում սկսված պատերազմական գործողություններ են սկսվել, այդ ժամանակ` հոկտեմբերի 24-ին զոհվել է: Այդ նույն օրը նրան հուղարկավորել է եղբայրս, մի խումբ համագյուղացիներ` չորս-հինգ հոգով, առանց մեզ: Մենք չենք տեսել իրեն: Որ օրը զոհվել է, այդ օրը երեկոյան մի կերպ հասցրել են մեր հանգստանար, հուղարկավորել, դուրս եկել: Հոկտեմբերի 27-ին գյուղը հանձնվել է թուրքերին… Նոյեմբերի 28-ին ես վերադարձա Արցախ, դեկտեմբերի 19-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին խնդրեցինք, մեր գյուղում հինգ զոհ կար, հինգն էլ արտաշիրիմում արեցինք, հանեցինք, բերեցինք Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոց: Մինչ օրս ամուսինս հանգչում է այնտեղ»:
Ընդամենը երեք տարում այդքան բան կորցրած կինը ասում է` դեռեւս հավատը չի գալիս, որ հիմա էլ Ստեփանակերտից են հեռացել.«Հիմա մնացել ենք մեքենայի մեջ` ես, աղջիկս, փեսաս, երկու անչափահաս երեխաները: Հիմա գտնվում ենք Մասիսում: Մեզ հետ միայն առաջին անհրաժեշտության հագուստ ենք կարողացել բերել, ուրիշ ոչ մի բան… Ամուսնուցս որպես հիշատակ մի քիչ հող եմ բերել, ասում եմ` քեզնից հիշատակ այս հողն է մնացել: Ես նրան այդպես էլ չեմ տեսել, ոչ հուղարկավորման ժամանակ, ոչ արտաշիրիմման ժամանակ: Ամուսնուցս միակ հիշատակը այդ մի բուռ հողն է: ՈՒ չգիտեմ ես` ոնց պետք է հաշտվեմ այս ամենի հետ, որտեղ պետք է տեղավորեմ այդ հողը, որ մի քիչ թեթեւ ինձ զգամ… Հիմա հնարավոր չի ասել` մի օր կկարողանամ ամուսնուս շիրիմը Ստեփանակերտից հանել, թե ոչ»:
Ցավոք, ընտանիքին բաժին հասած փորձությունները այսքանով չեն ավարտվել:
«Բենզալցակայանի պայթյունից էլ վիրավորվել է եղբայրս, հիմա վերակենդանացման բաժանմունքում է: Նաեւ փոքր փեսաս: Երկուսն էլ այրվածքներով: Եղբորս վիճակն է ավելի վատ, առաջին օրը նրան ուղղաթիռով բերել են Երեւան, օր ու կեսից փոքր փեսայիս, կարեւորը հիմա հիվանդանոցում են»,- պատմեց նա:
Լուսանկարները և տեքստը՝ Անի Գևորգյանի
Տեսանյութը՝ Լուսինե Հակոբյանի
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։