Արցախցի յոթ հոգանոց ընտանիքը սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտից Հայաստան է մեկնել դրանից վեց օր առաջ ադրբեջանական զինուժի իրականացրած ռմբակոծության հետեւանքով վնասված մեքենայով:
Ստեփանակերտի նախկին բնակիչ, նախկին զինվորականը Դավիթը, ով չցանկացավ նշել իր ազգանունը, պատմեց, որ մեքենան վնասվել էր իր տան բակում կանգնած ժամանակ:
«Հենց մեր տան մոտ խփել են, օսկոլկեքը եկել են մեքենայի ու տան վրա: Բարեբախտաբար այդ ժամանակ մեքենայում մարդ չի եղել, տանն էլ մարդ չի եղել: Մեքենան մի թեթեւ կարգի ենք բերել ու դրանով ենք եկել Հայաստան: Այս մի կողքի վրա են անցքեր առաջացել եւ տանիքն է լավ վնասվել: Բայց տարբեր բաներով ծածկելով փորձել ենք այնպես անել, որ դրանով հնարավոր լինի ճամփա գալ: Միայն հոսանքի մի թեթեւ խնդիր է եղել, որը կարողացել ենք Ստեփանակերտից դուրս գալուց առաջ կարգավորել»,- պատմեց նա:
Ընտանիքն այժմ գտնվում է Մասիս քաղաքում, փորձում են գոնե ժամանակավոր կացարան գտնել:
«Հիմա կեսը բարեկամի տանն են մնում, կեսս մեքենայի մեջ»,- ասում է նախկին զինվորականը:
Լուսանկարները և տեքստը՝ Անի Գևորգյանի
Տեսանյութը՝ Լուսինե Հակոբյանի
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: