Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի կողմից Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանի գերեվարման գործով որոշում է կայացրել։
Կարեն Ղազարյանը Ադրբեջանի կողմից գերեվարվել էր 2018 թվականի հուլիսի 15-ին։ Հետագայում Ադրբեջանի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել դիվերսիաներ և ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար և ապօրինաբար դատապարտել 20 տարվա ազատազրկման։ Նա Հայաստան է վերադարձվել 2020 թվականի դեկտեմբերին՝ գերիների փոխանակման շրջանակներում։
«Դիմումատուները (Ղազարյանի ծնողները—խմբ․) վկայակոչել են, մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը (անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում) և 5-րդ հոդվածը (անվտանգության և ազատության իրավունք), և բողոքել են իրենց որդու ձերբակալությունից, կալանավորումից և դատավարությունից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դատարանի որոշմամբ՝ Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, 4-րդ կետում խախտում չի հայտնաբերել, ինչպես նաև խախտել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը։
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է վճարել 10 հազար եվրո փոխհատուցում և ևս 3225 եվրո՝ դատական ծախսերի համար։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: