Հայաստանում պետք է տեղի ունենան խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Կասկած չկա, որ ՔՊ-ն չարեց նույնիսկ 2021-ի ընտրությունների ժամանակ խոստացածը: «Արտաքին և անվտանգային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են լինելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը»: Հենց սա էր խոստացել ՔՊ-ն:
Կարող եմ ինձ թույլ տալ չմտածել, թե ՔՊ-ն խաբել է հայ ժողովրդին: Համարենք, որ ուղղակի չարեցին իրենց խոստացածը: Չարեցին, որովհետև նախկինների նման մտածեցին, որ դեռ ժամանակ ունեն: Բայց ստացան ոչ թե ավելի վատը, այլ՝ աղետալին: ՔՊ-ն ասում է, թե ղարաբաղի համար պատասխանատու էր Ռուսաստանը: Այդ դեպքում ինչո՞ւ էիք ձեր գլխից մեծ հարցեր վերցնում ձեր ուսերին:
Փաստն այն է, որ Ղարաբաղն արդեն չկա և մենք ամբողջ Հայաստանով, նրա քաղաքական բոլոր ինստիտուտներով, կուսակցությունների համակիրներով ու հակառակորդներով կանգնած ենք բոլորովին նոր իրավիճակի առաջ: Անհրաժեշտ են նոր ընտրություններ, որոնցից առաջ ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչ սպասի ապագա իշխանությունից: Հիմա չկա այդ սպասելիքը, որովհետև իշխանությունը չարեց խոստացածը: Կրկնում եմ՝ այլ հարց է՝ անմեղսունակությունի՞ց չարեց, թե թուլությունից, թե վատ էր կանխատեսել իրադարձությունների զարգացումը: Ուղղակի չարեց և վերջ: Գուցե անելու ջանքեր գործադրել է: Բայց չարեց: Չկա այլևս Ղարաբաղը: Չկա այն հողը, որի հետ տեղի ունեցածը պատճառ դարձավ 2021-ի խորհրդարանի երկրորդ արտահերթ ընտրությունների և որի հիմնական իշխանական լեյտմոտիվն էր՝ հասնել տարածաշրջանի ապաշրջափակմանը, որը «չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի այլ անվտանգային և կենսական շահերի հաշվին»:
Հենց այս պահին Արցախ չկա ու Հայաստանի կենսական շահերը վերաբերվում են միայն Հայաստանին: հետևաբար շտապ անհրաժեշտ են խորհրդարանի նոր ընտրություններ: Էլ չեմ ասում, որ ՔՊ-ն Արցախի հետ կապ չունեցող շատ այլ խոստումներ էլ չի արել, այն էլ ո՜նց չի արել: Բայց դրանք բոլորը մանր հարցեր են Ղարաբաղում տեղի ունեցածի համեմատ:
Ինչո՞ւ մինչև հիմա ՔՊ-ն չի խոսում արտահերթ ընտրություններից և ինչո՞ւ 2021-ին խոսեց: Որովհետև այն ժամանակ Արցախից մի մեծ կտոր կար և կար հույս, որ այդ կտորն էլ բավարար կլինի իրենց հողի վրա արցախցիների անվտանգությունը ապահովելու համար: Համենայնդեպս մարդիկ հենց այդ հրամայականով էլ գնացին ընտրությունների: Հիմա ի՞նչ խոստանան: Արցախ չկա, տնտեսապես մի վիճակում ենք, երբ գուցե ընտրությունների համար փող չգտնվի և այլն: Կադաստրի թղթի ու Անկախության հռչակագրի ժամանակավրեպության մասին 2021-ի ընտրություններից առաջ մեզ ոչինչ չէր ասվել: Ավելին, դեռ հարց է՝ ունե՞նք անկլավներ հանձնելու Ադրբեջանին, թե չունենք: Հենց դրա համար պետք է տեղի ունենան ընտրություններ, որոնք իրենց էությամբ կլինեն նաև հանրաքվե՝ տալի՞ս է ժողովուրդը համաձայնություն, որ այդ ամենը տեղի ունենա:
Խոսքը մինչև հիմա ՔՊ-ի ճիշտ կամ սխալ լինելու մասին չէ, խոսքը այն մասին է, որ ՔՊ-ն երկու (երեք, եթե 2018-ի մայիսի 8-ից հաշվենք) անգամ է եկել իշխանության, երկու (երեք) անգամ էլ այն չի արել, ինչ խոստացել է նախընտրական ծրագրով: Գոնե մեկ անգամ ՔՊ-ն պետք է իշխանությունը վերցնի առանց խաբելու: Իսկ հիշյալ երեք անգամն էլ զուտ իրադարձություններին նայելով՝ խաբել է: Այնքան, որ մարտի 1-ի ու հոկտեմբերի 27-ի չբացահայտումն արդեն աչքներիս չի էլ երևում:
Մհեր Արշակյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: