Արցախից բռնի տեղահանված ընտանիքներից շատերը դեռեւս անգամ ժամանակավոր կացարան չեն կարողանում գտնել: Ազատ բնակարաններն ու տներ կամ այլեւս չկան, կամ չափազանց թանկացել են: Բառացիորեն դրսում մնացած ընտանիքներից մեկը սեպտեմբերի 25- ից գտնվում է Մասիս քաղաքում` հույս ունենալով տուն գտնել այնտեղ կամ գոնե մերձակա գյուղերից մեկում:
Երկու մանկահասակ երեխաների մայր Յուլյա Զհանգիրյանը չի ցանկանում շատ խոսել, ասում է` իրենց հետ եղածը տեղի է ունեցել տասնյակ հազարավոր այլ արցախցիների հետ եւ իր պատմությամբ որեւէ մեկին չի կարող զարմացնել:
«Տանից ոչ մի բան չէինք կարողացել վերցնել, մենակ մի քան հագուստ էինք վերցրել: Արդեն մի քանի օր է յոթ հոգով մեքենայի մեջ ենք քնում: Յոթ հոգով նույն տեղում: Ասում են, ոչ մի տեղ կացարան չի մնացել: Իսկական անտուն ենք դարձել»,- պատմում է երիտասարդ կինը:
Յուլյան ասում է` սեպտեմբերի 19-ին գտնվում էր իր աշխատանքի վայրում եւ դեռեւս առավոտյան չէր կարող պատկերացնել, թե ինչ է տեղի ունենալու մի քանի ժամ անց. «Ես Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում եմ աշխատում: Երբ ամեն ինչ սկսվեց, մնացինք այնտեղ: Այդ օրը չեմ կարողացել տուն գնալ, երեխաներս էլ ապաստարանում են եղել: Հիվանդանոցում վիրավորները շատ էին: Սկզբում միայն երեխաներն էին, հետո սկսեցին մեծահասակներին էլ մեր հիվանդանոց բերել: Շատերին օգնեցինք: Ինչ- որ պահից ասեցին, որ էլ չգնանք աշխատանքի, ասացին` վտանգավոր է, էլ մի եկեք, հետո էլ սկսեցին մեր աշխատանքային գրքույկները վերադարձնել, որովհետեւ էլ չպետք է գնայինք»:
Ընտանիքը Ստեփանակերտից մեկնել է սեպտեմբերի 25-ի առավոտյան. «Մի օր ճամփին մնացինք: Հեշտ չէր: Հիմա դրսում ենք, կամ մեքենայի մեջ: Երեխաների հագուստը խնդրում ենք, հյուրանոցում լվանում, չորացնում ենք: Չգիտեմ, թե ոնց է լինելու, բայց հույսեր ունենք»:
Ընտանիքի ամենատարեց անդամը` 64 տարեկան Լաուրա Աղազարյանը քիչ է խոսում: Ասում է` ծնվել, մեծացել էր Ստեփանակերտում. «Արցախս թողել, հեռացել ենք»: Խոսքը շարունակել չի կարողանում, Միայն կարողանում է ասել, որ Արցախից Հայաստան հասնելը հեշտ չէր ու լռում է:
Անի Գևորգյանի
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: