«Ինչպես շատ տեղերում, այնպես էլ մեզ մոտ վարձով բնակարանների գները բավական բարձրացել են, պատկերացրեք, տների գները սկսվում են 200.000 դրամից»: Մասիսի համայնքապետարանի աշխատակից, սոցաշխատող Նվարդ Մարտիրոսյանի խոսքերն են, ով արդեն մի քանի օր է համակարգում է Արցախից Մասիս ժամանած ընտանիքների հաշվառումն ու կարիքների գնահատումը:
Նա պատմում է, որ այս օրերի ընթացքում Մասիսի համայնքապետարանը իր ամբողջ աշխատակաղմով աշխատել է 24/7 ռեժիմով. «Այս պահին մեզ են դիմել հազարից ավելի ընտանիքներ` ավելի քան չորս հազար մարդ: Մարդկանց տեղավորում ենք ինչպես հնարավոր է: Անգամ մեր աշխատակիցների տներ ենք ուղարկել, քանի որ իրականում համայնքի ենթակայության տակ գտնվող շենքեր չունենք: Փորձել ենք նաեւ մանկապարտեզների շենքերում մարդկանց բնակեցնել»:
Մարտիրոսյանի խոսքով, քաղաքում ազատ տների պակաս սկսեց նկատվել միայն վերջին շրջանում.
«44-օրյա պատերազմից հետո շատ տեղահանված արցախցիներ իրենց սերտիֆիկատները ստանալուց հետո մեր համայնքում տներ գնեցին, ինչից հետո համայնքում բնակարանների պակաս կար: Չէինք սպասում, որ մարդկանց այսպիսի նոր հոսք կլինի ու այսքան ազատ բնակարանների կարիք կլինի: Այժմ բոլորին հաշվառում ենք եւ տրամադրում ենք առաջնահերթ անհրաժեշտ աջակցությունը, որպեսզի իրենց կենցաղը գոնե որոշ չափով կարողանան կարգավորել: Այնուամենայնիվ՝ ոչ մի քաղաքացի մեզ մոտ դրսում չի մնացել: Մեր ընկերների, մեր հարազատների, մեր ծանոթների միջոցով փորձել ենք մարդկանց տեղավորել բնակարաններում»:
Խոսելով այն մասին, թե ինչքանով է դժվար օրեր շարունակ աշխատել նման ծանր փորձություններով անցած հազարավոր մարդկանց հետ, Մարտիրոսյանն ասում է.
«Քանի որ ես սոցաշխատող եմ եւ աշխատել եմ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների հետ, իսկ այժմ համակարգում եմ, ինչ-որ առումով սովոր եմ: Բայց իրականում շատ դժվար է: Սա շատ է տարբերվում նախորդ դեպքերից` Ջերմուկի դեպքեր, Վարդենիսի դեպքեր: Մարդիկ շատ են հուսահատված: Բայց մենք փորձում ենք մարդկանց դրական մթնոլորտում ընդունել, փորձում ենք առաջնահերթ կարիքները գնահատել… ի դեպ մարդիկ այդ մոտեցումը շատ են գնահատում: Օրինակ, երեկ մի ընտանիք էր եկել, հետո մեկնել էր Արմավիր, սակայն այնտեղ նրանց դուր չէր եկել, քանի որ մոտեցումն այլ էր, հետ էին եկել Մասիս: Իրականում շատ դժվար է, բայց մենք այդ ընտանիքների կողքին ենք»:
Նշենք, որ Արարատի մարզը ամենաշատ արցախցիներ ընդունած մարզերից մեկն է, ըստ պաշտոնական տվյալների, այստեղ գրանցվել է ավելի քան 8000 բռնի տեղահանված մարդ:
Լուսանկարները և տեքստը՝ Անի Գևորգյանի
Տեսանյութը՝ Լուսինե Հակոբյանի
Մանրամասները տեսանյութում․
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: