«Իրենք մեր հայրենակիցներն են և իրենց փորձը, զինվորական գիտելիքները պետք է ծառայեցնեն ՀՀ ԶՈՒ-ին», – այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ խոսելով Արցախից Հայաստան բռնի տեղահանված զինվորականների՝ Հայաստանի ՊՆ-ում ծառայության անցնելու մասին։

Պատասխանելով այն հարցին, թե որքանով են ացախահայ զինվորականները ներգրավվելու ՀՀ բանակում՝ Սարգսյանը ասաց, որ շատ ցանկալի կլինի, որ ՊԲ զինծառայողները ծառայության ընդունվեն Հայաստանի ՊՆ-ում․

«Մենք ուսումնասիրություն պետք է իրականացնենք, և մեր այն զինծառայողները, որոնք ցանկություն կունենան ընդգրկվել ՀՀ զինված ուժերում ծառայության, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի իրենց այդ հնարավորությունն ընձեռվի: Դա պիտի կոորդինացվի կադրային քաղաքականության վարչության միջոցով»։

Փոխնախարարը նաև կարևորեց Հայաստան ժամանած արցախահայերի աշխատանք գտնելու հարցը։

«Արցախահայ մեր եղբայրների ու քույրերի հումանիտար խնդիրների մեջ նաև աշխատանք գտնելու հարցն է որպես օրակարգային, և իրենք ՊՆ-ի հետ կապ կստեղծեն՝ որպես նախկին զինվորականներ»,- ասաց Սարգսյանը։

Փոխնախարարը չցանկացավ կիսվել լրացուցիչ տեղեկատվությամբ, թե հատկապես որ ուղղություններում է կուտակվում ադրբեջանական զորքը և խնդրեց բավարարվել իրենց կողմից ու կառավարության նիստի ընթացքում հրապարակած տվյալներով։

«Մենք չպետք է մոռանանք, որ արդեն Ադրբեջանի հետ գրեթե ամբողջ սահմանագծով սահմանային գոտում ենք հայտնվել և եթե կուտակումներ լինում են, ապա դա վերաբերում է բոլոր հատվածներին՝ մի տեղ մի զինատեսակ ավել, մի տեղ՝ մի զինատեսակ պակաս: Այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է ու լարման միտում այս պահին չի նկատվում»,- ասաց Սարգսյանը։

Իսկ այն հարցին, թե արդյոք Սամվել Բաբայանին ՊՆ-ում ընդգրկելու համար քայլեր ձեռնարկվել են, Արման Սարգսյանը պատասխանեց. «Ես խոսում եմ զինվորակաների մասին, ովքեր եղել են գործող զինվորականներ պաշտպանության բանակում: Սամվել Բաբայանը նախկին զինվորական է»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest