Չնայած պաշտոնական Մոսկվայի անթաքույց դժգոհությանն ու զգուշացումներին, Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց Հռոմի կանոնադրությունը վավերացնելու՝ Հայաստանի կառավարության ներկայացրած նախագծին:

Միջազգային համաձայնագիրն ընդգրկվեց ԱԺ ժողովի լիագումար նիստում: Ընդդիմադիր երկու խմբակցությունները չէին մասնակցում քննարկմանը։

Նախագիծը ներկայացնելիս Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը շեշտեց, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու իրական պատճառը Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար լրացուցիչ միջազգային իրավական մեխանիզմ ունենալն է: Ստատուտին միանալը, ըստ Կիրակոսյանի, նաև կանխարգելիչ ազդեցություն կունենա:

Երևանը բազմիցս, այդ թվում՝ ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով է հայտնել, որ պատրաստվում է վավերացնել Հռոմի կանոնադրությունը։ Մոսկվան իր հերթին դա ոչ բարեկամական քայլ է որակել։

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ի ուղերձում էլ պնդեց՝ ստատուտը վավերացնելը անկախությունը պաշտպանելու միջոցներից մեկն է, որը Հայաստանին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև Միջազգային քրեական դատարանի հնարավորություններից:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest