Գորիսի կենտրոնական հրապարակում ամենուր արցախցիների դառնացած անորոշ հայացքներն է։ Նրանք ժամեր առաջ են իրենց կամքին հակառակ լքել իրենց տներն ու փրկվելու համար հասել Հայաստան։ Պատմում են դաժան պատմություններ, համեմատում դժոխքի հետ, թե ինչերի միջով են անցել, որ Գորիս հասնեն։
Տարեց մի բանկիչ իր հետ մի բուռ մոխիր է բերել Ասկերանի բենզինի պահեստի պայթյունի վայրից․ ասում է՝ սա այն էր, ինչ կարող էր բերել մոխրացած որդու մարմնից։ «Մնացած դառնությունների մասին չեմ ցանկանում խոսել»,-ասաց նա։
Արցախցիներին Հակարիի կամուրջն անցնելուց հետո դիմավորում են Կոռնիձոր գյուղում տեղակայված հումանիտար կայանում․ այնտեղ ծառայություն են իրականացնում պետական գերատեսչությունների աշխատակիցները, շտապօգնության անձնակազմը, բարեգործական և կամավորական խմբեր։ Արցախցիներին տալիս են ջուր, սնունդ և բենզին՝ Գորիս հասնելու համար։ Այստեղ արդեն նրանց առաջարկում են ժամանակվոր բնակություն հաստատել ՀՀ մարզերում։ Ադրբեջանական ռազմական հանցագործությունների ամբողջ դաժանությունը տեսած արցախցիները սահմանամերձ գոտիներում ապրելու վախ ունեն, մտածում են, եթե թշմանին էլի կրակի ինչ են անելու իրենց երեխաների հետ։
«Մեր գյուղը լավ գյուղ էր»,-ցավով, բայց ստիպված է արդեն անցյալով խոսել արցախցի տարեց կինը Թաղավարդի մասին, քանի որ այն դեռ մի քանի օր առաջ է բռնազավթվել ադրբեջանցիների կողմից, իսկ մինչ այդ գյուղը երկու մասի էր բաժանվել, մի մասում հայրերը դեռ կարողանում էին բնակվել՝ մինչև սեպտեմբերի 19-ի հարձակումը։
«Հիմա չգիտենք՝ ուր գնանք, որտեղ տուն վարձենք, որտեղ մնանք, չենք աշխատում։ Ես այս ամենի համար մեղադրում եմ ղեկավարներին՝ Արցախի և Հայաստանի։ Ժողովրդին, էս գիշերով, երեխաներին հավաքած քուչեքում են, ո՞ւմ դուրն է սա գալիս»,-ասաց տարեց կինը, որը անչափահաս թոռնիկների հետ ժամեր առաջ հատել էր Հակարիի կամուրջն ու սպասում էր իր երեխաներին։
Արցախցիներից շատերը բռնի տեղահանվում են առանց իրենց ապրուստի հիմնական միջոցները վերցնելու, դեպքեր կան, որ մարդիկ եկել են նրանով, ինչ այդ պահին եղել է իրենց հագին։ Այնտեղ են թողել տները, գույքերը, կենդանիներին, ամբարած բերեքը, բայց սա այնքան էլ չի անհանգստացնում իրենց, անդառնալի է հայրենիքի կորստյան ցավը։
«Ես իմ սերն եմ թողել Արցախում, բնությունը, զոհված ախպեր եմ թողել, ո՞րն ասեմ, մահացած հայր եմ թողել, մայր եմ թողել․․․»,-ասաց Արցախից բռնի տեղահանված մի կին, որը նշեց՝ անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում չէր լքել իր տունը, նա իր ապագան միայն Արցախում է պատկերացնում։
Բռնի տեղահանված արցախցիները դժգոհում էին Արցախի կառավարությունից՝ փոխանցելով, որ այս օրերին իրենց գրեթե աջակցություն չի ցուցաբերվել։ Վստահեցնում էին, որ փոխարենը իրենց կանանց և երեխաներին են ամիսներ առաջ հեռացրել Արցախից։
Հունվարի մեկից Արցախի հանրապետությունը կդադարի գոյություն ունենալուց։ Նման հրամանագիր այսօր ստորագրել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Ըստ այդ փաստաթղթի՝ մինչ նշված ժամանակահատվածը լուծարվելու են Արցախի բոլոր պետական գերատեսչությունները։ «Դավաճանություն է»,-այս մասին ասաց բռնի տեղահնցած մի արցախցի, որը բնակվում էր Խրամորթում՝ նույնիկս այն բանից հետո, երբ 2022-ին թշմանական կողմը օկուպացրել էր Քարագլուխ բարձունքն ու նշանառության տակ վերցրել գյուղը։
Արագ զարգացող իրադարձությունների ֆոնին միայն պատկերը չի փոխվում Կոռնիձորից Գորիս ճանապարհին։ Դառնացած դեմքեր, անհայտ ապագայով երեխաներ, պոլիէթիլենային տոպրակներով տեղափոխվող հագուստ, հարազատների փնտրտուքի մասին հարցեր և խորը անորոշություն։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: