Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը X-ի (Twitter) իր էջում հայտնել է, որ տարածաշրջանում անկախ դիտորդներին թույլատրելը ցույց կտա, որ Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում էթնիկ հայերի անվտանգության ապահովմանը։
«Մենք մեր գործընկերների հետ ջանքեր ենք գործադրում, որպեսզի որքան հնարավոր է արագ դիտորդներ ուղարկենք։ Եթե Ադրբեջանը միջազգային դիտորդներին թույլ տա, դա կլինի այն բանի ապացույցը, որ Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում արցախահայերի անվտանգության եւ բարեկեցության ապահովման իր պարտավորությանը։»,- ասել է նա իր հայտարարությունում։
Բերբոքն ընդգծել է, որ բնակչությունը պետք է հնարավորություն ունենա մնալ իր տներում և իր հայրենիքում առանց վախի, խաղաղությամբ և արժանապատվությամբ, բայց «հազարավոր մարդիկ այնքան են վախենում իրենց կյանքի համար, որ այլ ելք չեն տեսնում՝ Հայաստան տեղափոխվելուց բացի»։
Բերբոքը նաև հայտնել է, որ Գերմանիան կավելացնի հումանիտար օգնությունը, որը տրամադրում է Միջազգային Կարմիր խաչի միջոցով, 2 մլն եվրոյից հասցնելով 5 մլն եվրոյի։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: