Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության երաշխիքների և նրանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի՝ ժամեր առաջ հրապարակված հաղորդագրությունում։
Ըստ հաղորդագրության՝ Բլինքենը նշել է «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հետագա ռազմական գործողություններից զերծ մնալու և հումանիտար օգնության անարգել մուտք ապահովելու անհրաժեշտությունը»։ «Նա նախագահ Ալիևին կոչ է արել երաշխիքներ տալ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որ նրանք կարող են ապահով ապրել իրենց տներում, և որ նրանց իրավունքները պաշտպանված կլինեն», — ասված է հաղորդագրությունում։
«Պետքարտուղարը նախագահ Ալիևին կոչ է արել համընդանուր համաներում կիրառել և միջազգային դիտորդական առաքելություն թույլատրել Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև նշել է Նախագահի հրապարակայնորեն արտահայտված հանձնառությունը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղում բոլորի ապագան՝ հիմնված խաղաղության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա», — փոխանցում է Միլլերը:
Ադրբեջանի նախագահականը հաղորդում է, որ զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Ալիևն ասել է, թե «հակաահաբեկչական միջոցառումներն» ավարտվել են 24 ժամից էլ քիչ ժամանակում, որի ընթացքում հարվածներ են հասցվել բացառապես ռազմական օբյեկտներին, իսկ խաղաղ բնակչությանը, նրա պնդմամբ, վնաս չի հասցվել։
Նա նաև հայտնել է, որ ներկայումս շարունակվում է հայ զինվորականների զինաթափման և «Ադրբեջանի տարածքից դուրսբերման» գործընթացը, և որ այս հինգ օրվա ընթացքում առգրավվել է մեծ քանակությամբ զենք և զինտեխնիկա:
Ալիևի հավաստմամբ՝ ներկայումս միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանի տարածքում հայ բնակչության, ինչպես ցանկացած այլ ազգային փոքրամասնության, երկրի օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան բոլոր իրավունքներն ապահովելու համար։
Ադրբեջական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում նշվել է նաև, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցություն է իրականացվում հայ բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար, իսկ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչները նախատեսում են այցելել Ղարաբաղ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: