Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնողափրկարարական աշխատանքները սեպտեմբերի 21-ից շարունակվում են ԼՂՀ ամբողջ տարածքում, տեղեկացնում են ԼՂ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ մանրամասնելով, որ սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից հայտնաբերվել է քաղաքացիական 1 անձի մարմին։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ սեպտեմբեր 22-ին իրականացված որոնումների արդյունքում Շուշիի շրջանի Ղայբալիշենի տարածքից հայտնաբերվել և տարհանվել է վիրավորում ստացած մեկ զինծառայող, իսկ Չարեքտարից` զոհված 2 զինծառայողի մարմին։
Սեպտեմբերի 23-ին տարհանվել է 68 մարմին, որից 4-ը` քաղաքացիական անձինք են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից, ընդ որում` 2 երեխա և տարեց ամուսիններ։
Նույն օրը Նախիջևանիկ և Սարուշեն գյուղերի տարածքից հայտնաբերվել է 2 քաղաքացի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Սեպտեմբերի 24-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է ընդհանուր 34 մարմին, իսկ Ասկերանի շրջանի Շոշ գյուղից քաղաքացիական 3 անձ է հայտնաբերվել։
Որոնողակափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը պարբերաբար կհրապարակի տեղեկություններ։
Գործում են Օպերատիվ շտաբը՝ /047/ 95- 75 -51 հեռախոսահամարով և ԱԻՊԾ թեժ գիծը` 911։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: