Այսօր առավոտյան ժամը 8-ից Երևանում կրկին սկսվել են ընդդիմության հայտարարած անհնազանդության ակցիաները:

Ցուցարարները, բաժանվելով մի քանի խմբի, շրջում են Երևանի փողոցներում՝ պարբերաբար դրանք փակելով:

Ակցիայի մասնակիցները աղբամաններով փակում են ճանապարհների երթևեկելի հատվածները՝ առաջացնելով խցանումներ և կոչ անելով վարորդներին ու անցորդներին նույնպես միանալ իրենց ակցիային։

Նախապես հայտարարվել է, որ անհնազանդության ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 11-ը:

Ինչպես հայտնում է «Ազատություն ռադիոկայանը», Ներքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ այսօր ժամը 9-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 53 քաղաքացի՝ ոստիկանության ծառայողի պահանջներին չենթարկվելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ ըստ Քննչական կոմիտեի՝ մայրաքաղաքում իրականացվող զանգվածային հավաքների ընթացքում մասնակիցների կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մեղադրանքներով կալանավորվել է 26 անձ։  Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 49 անձի նկատմամբ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest