Քննչական կոմիտեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Նիստը կայանալու է սեպտեմբերի 25-ի առավոտյան՝ ժամը 11․00։ Լևոն Քոչարյանին մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Երկրորդ նախագահի որդու պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւին դեռ չեն տրամադրել քննիչների միջնորդությունը։ Նա պատրաստվում է ժամա նակ խնդրել հիմքերին ծանոթանալու համար։ Պնդում է՝ ինչ էլ լինի, Լեւոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ապօրինի է և չի կարող որևէ հիմնավորում համարվել պատշաճ։
«Անկախ նրանից, թե ինչ կգրեն, դա լինելու է ապօրինի որոշում։ Կա, առկա է տեսանյութ, որում Լևոն Քոչարյանը խոշտանգման է ենթարկվում, բայց գործ է հարուցվում Լևոն Քոչարյանի դեմ, որը այդ խեղճ ոստիկաններին ծեծեց։ Իրենք Լևոն Քոչարյանին չե՞ն ճանաչում։ Եթե նա իրապես նպատակ ունենար բռնություն գործադրելու․, բերետներից կմնար «Զ» տառը։ Մենք տեսնում ենք ընդամենը իրեն ապօրինի բերման ենթարկելու չենթարկվող քաղաքացու»։
Հիշեցնենք, սեպտեմբերի 22-ին կարմիրբերետավորները բռնի ուժ կիրառելով, բերման են ենթարկեցին Լևոն Քոչարյանին և մի քանի այլ քաղաքացիների, որոնք մասնակցում էին Արցախի հանձնման հետ կապված բողոքի ակցիաներին։ Կան տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է Լևոն Քոչարյանը փորձում դուրս գալ ոստիկանական մեքենայից, և կարմիրբերետավորներից մեկը հարվածում է նրա գլխին։
Լևոն Քոչարյանի մոտ ախտորոշվել է միջին ծանրության ուղեղի ցնցում։
Այդ օրը Ալեքսանրդ Կոչուբաևը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Լևոն Քոչարյանին ոստիկանների կողմից խոշտանգման ենթարկելու վերաբերյալ։
Քրեական վարույթ է նախաձեռնված նաև Լևոն Քոչարյանին ոստիկանների կողմից խոշտանգելու հանցափաստով։
Կոչուբաևը նկատում է․ «Այս վարույթով նույն շտապողականությունը չկա։ Բնականաբար, դրան ընթացք չի տրվել և չեն էլ տա, որովհետև իրենց հրահագնով տեղի ունեցած հարձակում էր սա, որը եղել է նախապես ծրագրավորված ու նախապատրաստված։ Մի քրեական գործը վերաբերում է նրան, որ Քոչարյանն է ոստիկաններին ծեծել, մյուսով էլ ոստիկաններն են խոշտանգել Քոչարյանին։ Ոստիկանը ցուցմունք է տվել, որ Լևոն Քոչարյանն է ծեծողը, իսկ Քոչարյանը ցուցմունք է տվել, որ իրեն են ծեծել։ Անհասկանալի է, թե ինչու է քննչական կոմիտեն հավատում ոստիկանին, իսկ Լևոն Քոչարյանին՝ ոչ»։
Ըստ Ալեքսանդր Կոչուբաևի, սա բացառապես քաղաքական գործ է։ «Մենք մտել ենք քաղաքականություն և փորձում ենք այստեղ իրավաբանություն գտնել, ինչը ծայրահեղ սխալ է։ Այստեղ առհասարակ չկա իրավական պրոցես։ Սա քաղաքական երանգ ունեցող քրեական հետապնդում է, որի միակ նպատակը Լևոն Քոչարյանին մեկուսացնելու ճանապարհով դիմադրության շարժումը, որը կարող է բերել նրան, որ իշխանավորները կորցնեն իրենց աթոռները, արմատախիլ անելն է։ Մենք այստեղ բացառապես քաղաքականութուն ենք այստեղ», — ասում է փաստաբանը Forrights.am-ին։
Լեւոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունել։ Նա հայտնել է, որ պատրաստ է առերեսվել ոստիկանների հետ, ովքեր ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: