46-ամյա կալանավոր Արմեն Սիմոնյանը այն բազմաթիվ ազատազրկվածներից է, ովքեր ի սկզբանե ունենալով թույլ առողջություն, չեն կարողանում գոյատեւել Հայաստանի կալանավայրերում հիվանդների համար ստեղծված անտանելի պայմանների, բուժօգնության և բուժական խնամքի բացակայության պայմաններում, ու մահանում են, առանց ազատություն տեսնելու։

Արմենը, որին մեղադրում էին թմրանյութի  իրացման համար, անգամ սեփական դատավճռին չհասավ։ Նա ուներ լյարդի ցիռոզ, թոքերի հետ կապված խնդիրներ, այլ ուղեկցող հիվանդություններ, որոնք ավելի սրվեցին բանտային պայմաններում։  Անցյալ տարի Արմեն Սիմոնյանը կալանավայրում սրտի կաթված տարավ, որն էլ վերջի սկիզբն էր։ Թե հատկապես որ հիվանդությունից մահացավ կալանավորը, ընտանիքին չեն հայտնել։ Սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին։ Արմենի քրոջը՝ Մարգարիտա Վարդանյանին, ադպես էլ թույլ չտվեցին տեսնել մահացող եղբորը։

Վերջին ամիսներին նա եղբոր հարցերով վեճ ու կռվի մեջ էր կալանավայրի աշխատողների, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժիշկների,  «Արմավիր» ՔԿՀ աշխատողների, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ղեկավարության, քաղաքացիական հիվանդանոցների անձնակազմի, եղբոր գործով դատավորի հետ։

«Դեռ ինսուլտ տանելուց առաջ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից նրան տարել էին Էջմիածնի հիվանդանոց։ Ինձ ասում էին, շատ լավ է Արմենը, խնդիր չունի, լյարդը նորմալ վիճակում է։ Բայց  էպիկրիզ չէին տալիս։ Էսօր-էգուց էին  անում։ Մեկ հիվանդներն էին շատ, իբր, մեկ մոռացել էին գրել։ Երևանից երկու օրը  մեկ Էջմիածին էի  հասնում, այդպես էլ չտվեցին էպիկրիզը։ Մի շաբաթից Արմենս վատացավ։ Ո՞նց, եթե 100 տոկոս առողջ էր»։

Այս անգամ Արմեն Սիմոնյանին տեղափոխում են «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ արյան վարակ են ախտորոշում։ «Խառնվեցինք իրար, ի վերջո կռվով-դավով հասանք նրան, որ այս տարի Արմենին տարան «Դատապարտյալների հիվանդանոց»։ Բժիշկ Շարաֆյանն ասեց՝ Արմեն ջան, դու շատ լավ ես։ Հիվանդանոցի բաղնիքում, լողանալուց ինսուլտ խփեց իրեն։ Տարան «Էրեբունի»։ Մինչ այդ անընդատ բողոքու էր թեւի ցավից, բայց իրեն Շարաֆյանն ասում էր՝ շատ լավ ես, ու ոչ մի դեղ չէր տալիս», — վերհիշում է Մարգարիտա Վարդանյանը, որը մեկ օր առաջ եղբորն է թաղել։  , բաղնիքում լողանալուց ընկել էր։

«Էրեբունի» հիվանդանոցում Արմեն Սիմոնյանը արդեն ոչ ուտել էր կարողանում , ոչ խոսել։ «Մինչև վերջ էլ չխոսեց, մինչև վերջ էլ անկողնային էր, պամպերսով, մի կողմը թուլացած։ Դիմել էինք դատավորին, որ ակտիրովկա անեն, այսինքն՝ նրա առողջական վիճակը ճանաչեն կալանքի հետ անհամատեղելի։ Մարդը արդեն մահացել է, բայց ակտիրովկայի թղթերը դեռ հավաքում են»։

Սիմոնյանի հարազատները խնդրում են դատավորին, որ գոնե տանեն տուն։ Դատավորի պատասխանը, ըստ Մարգարիտայի, հետևյալն է եղել․ «Մեկ է, անգիտակից պառկած է, պետությունը քաշում է նրա ծախսը, իրենց համար մեկ չի, որտեղ պառկի, ծախս չեն անի»։ «Չգիտեմ, ես ինչ ապրեցի այդ պահին։ Ոնց կարող է դատավորը նման բան ասե՞լ», — հարցնում է Մարգարիտան։

Արմեն Սիմոնյանի պաշտպան Արմեն Հայրապետյանը վերջին դատական նիստի ժամանակ միջնորդում է դատավոր Վահագն Մելիքյանին նիստ նշանակել Արմեն Սիմոնյանին կալանքից ազատելու միջնորդությունը քննելու համար։ Դատավորը սակայն պատասխանում է, որ ինքը պետք է գնա արձակուրդ։ «Էդքան կապր՞ի եղբայրս, որ դուք արձակուրդ գնաք» , — հարցնում է Մարգարիտան դատավոր Մելքոնյանի։

Հետագայում նա անընդհատ զանգահարում է դատավոր Մելիքյանի օգնականին, խնդրելով արտահերթ նիստ հրավիրել, քանի որ եղբոր վիճակը սարսափելի է, նա պարբերաբար կորցնում է գիտակցությունը։ Սակայն դատավորի օգնականը պատասխանում է, որ ոչնչով չի կարող օգնել։ Իսկ երբ հիվանդի քույրը զգուշացնում է, որ կդիմի ՄԻՊ-ին, կհայտնի, որ իր եղբորը խոշտանգում են, դատավորի օգնականը պատասխանել է․«Ինչ ուզում եք, արեք, ում ուզում եք, դիմեք»։

Սեպտեմբերի 19-ին Արմեն Սիմոնյանի վիճակը կտրուկ վատացել է։ Նրան շտապօգնության մեքենայով «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են  նախ՝ «Արմենիա» ԲԿ, ապա «Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտ», սակայն  այս երկու բուժհաստատությունները հրաժարվել են ընդունել հիվանդ կալանավորին։

«Սատուրացիայի ապարատը միացրած, շտապօգնությունը քշել ա Մասիվի հիվանդանոց, ընդունեցին էն պայմանով, որ մինչև առավոտ պետք է Դատապարտյալների հիվանդանոցի պետի որոշումը բերեին, որ պետք է իրեն պահեն հիվանդանոցում։ Բժիշկները զգում էին, որ պետք է պահեին, բայց ռիսկ չարեցին։ Տարան «ՑԲ»։ Այնտեղից ասեցին՝ շատ լավ է, հաց է ուտում արդեն։ Գիշերը մեկին իմացանք, որ սատուրացիան ընկել է, տարել են «Էրեբունի», որտեղ եղբայրս մահացավ։ Մեզ ոչ ոք թույլ չտվեց, որ իրեն տեսնենք», — արցունքն աչքին պատմում է  հանգուցյալի քույրը։

Արմեն Սիմոնյանի պաշտպան Արմեն Հայրապետյանը չցանկացավ խոսել Forrights.am-ի հետ, ասելով, որ զբաղված է։ Մեր հարցին, թե արդյոք չի գտնում, որ Արմենի մահվան պատճառը բժիշկների ու պաշտոնյաների անտարբեր վերաբերմունքն էր, պատասխանեց, որ ինքը չունի նման տվյալներ և մահվան պատճառն իմանալու համար պետք է սպասել փորձագետի եզրակացությանը։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն»  ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նաիրա Բաբայանը վստահեցնում է՝ այն ամենն ինչ հնարավոր էր Արմեն Սիմոնյանի համար արվել է։ «Սա այն  դեպքն է, որ այլ տեղեկատվություն այս պահին ձեր հայտնել չեմ կարող, քանի որ քրեական գործ է հարուցվելու, ու հիմա ինչ տեղեկատվություն էլ ես ձեզ տամ, կստացվի, որ բացի առողջական տվյալների գաղտնիությունը խախտելուց, նաև նախաքննական մարմինների գործառույթն եմ վերցնում։ Այն, որ թե մեր հիվանդանոցը, թե քաղաքացիական հիվանդանոցներն արել են ամեն հնարավոր ու անհնարը, կարող եմ փաստել, բայց թե կոնկրետ ինչից է մահացել հիվանդը, ձեզ չեմ կարող ասել», — Forrights.am-ի հետ զրույցում  նշեց Նաիրա Բաբայանը։

Հ․Գ․ Երբ եղբայրը մահանում էր, Մարգարիտան հերթական  թղթի հետևից էր գնացել «Դատապարտյալների հիվանդանոց», եղբորը քաղաքացիական հիվանդանոց պարկացնելու բաղձալի թույլտվությունն էր վերցնում հիվանդանոցի պետից։ Թուղթը տարել է «Էրեբունի» ԲԿ և հիվանդանոցի բակում պատահաբար վերջին անգամ տեսել է եղբորը՝  նրա մարմինը պատգարակով տանում մտցնում էին դիահերձարան։

Սյուզան Սիմոնյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest