Այսօր՝ աեպտեմբերի 22-ին Քննչական կոմիտեն հայտնել է, որ բռնություն գործադրելու միջոցով Ոստիկանության ծառայողի գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 47-ամյա բնակչուհի։
Ըստ հաղորդագրության՝ 2023թ․ սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքում անցկացվող զանգվածային ակցիաների ընթացքում մի խումբ մասնակիցներ ժամը 20:50-ի սահմաններում փակել են Երևան քաղաքի Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկը։
«Փողոցը բացելու և հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցի օրինական պահանջը ակցիայի մասնակիցների կողմից անտեսելու պայմաներում դրա մասնակիցներից մի կին մոտեցել է ոստիկանության տվյալ աշխատակցին և ձեռքերով հարվածներ հասցրել վերջինիս դեմքի և կրծքավանդակի շրջաններին, խոչընդոտել նրա կողմից իր ծառայողական պարտականությունների կատարմանը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ Նշված հանցավոր արարքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքի վայրից նշված կինը՝ Երևան քաղաքի 47-ամյա բնակչուհին, տեղափոխվել է ոստիկանության բաժին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ վերջինս ձերբակալվել է: ՀՀ քննչական կմոիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաքննությունը շարունակվում է»,-նշված է հաղորդագրության մեջ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: