«Գերի ենք այստեղ մնացել»,- Forrights.am -ի հետ զրույցում ասում է Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ, արդեն երեք օր ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Ջամբուլ Հովսեփյանը։

Տարեց բնակիչն ասում է, որ Ստեփանակերտի հետ կապ չունեն։ Այսինքն, եթե նախկինում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը տարածվում էր միայն Արցախ-Հայաստան ճանապարհների վրա, ապա հիմա նաև Արցախն են մասերի բաժանել։ Մարտունիում չկա էլեկտրաեներգիա, դեղորայք, բենզին, հաց, գազ և այլ անհրաժեշտ պարագաներ։

Արցախի վրա ադրբեջանական ռազմական հարձակումները սկսվեցին սեպտեմբերի 19-ին և շարունակվեց մինչև սեպտեմբերի 20-ը, այդ ժամանակահատվածից սկսած, ինչպես Ջամբուլ Հովսեփյանն է նշում, վիրավորները բուժօգնություն չեն ստացել։

«Նոր վեց հատ մեքենա եկավ, վիրավորներին տանում են Ստեփանակերտ։ Մենք չենք կարողանում հիվանդներին տանել հիվանդանոց, Կարմիր Խաչն է տանում»,-ասաց Ջամբուլ Հովսեփյանը՝ նշելով, որ Մարտունին 29 զոհ է ունեցել, որից երկուսը խաղաղ բանակիչներ։ «Սնայրադը, որ ընկել է նրանք, այդ պահին դրսում են եղել»,-ասաց նա։

Ջամբուլ Հովսեփյանն էլ է լսել Բաքվից հնչող այն հայտարարությունները, թե Ադրբեջանն Արցախ հումանիտար օգնություն է բերելու վառելանյութի, դեղորայքի և սննդամթերքի տեսքով, սակայն, չի պատկերացնում այս պայմաններում Ադրբեջանի կազմում ապրելը։

«Ասում են՝ ով ուզում է մնալ, թող մնա, ով՝ գնաց, էլ չի կարող հետ գալ, որովհետեև անձնագրերը վերցրելու են։ Այսպիսի խոսակցություններ եմ լսում, առավոտ են եկել վարչակազմից ասել։ Մենք շատ ինֆորմացիա չունենք, հեռուստացույց չենք կարողանում նայել, կապ չկա, լավ է՝ դուք էլ կարողանում եք զանգահարել։ Հլը չգիտենք, թե ինչ ենք անում, շատ տեղեկություններ չունենք։ Մնալու բան չկա այստեղ, պետք է թողեն, որ մեքենայով դուրս գանք, չեն թողնում անգամ Ստեփանակերտ գնանք, բայց վերջում այդպես է լինելու՝ ով ուզում է գնա, ով ուզում է մնա ու Ադրբեջանի քաղաքացիություն ստանա»,-ասաց նա նշելով, որ այս պահին Մարտունիում բնակվում է երեք հազարից ավելի քաղաքացի։

Սեպտեմբերի 20-ին Ստեփանակերտը հայտարարեց, որ ՊԲ-ն զինաթափում են։

 Նարեկ Կիրակոսյան

 

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest