Այսօր վաղ առավոտից Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում և Հանրապետության հրապարակում վերսկսել են բողոքի ակցիաները։ Ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև եղել է քաշքշուկ, հնչել են փոխադարձ վիրավորական խոսքեր։
Ակցիայի մասնակից մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվել։ Նրանց թվում են նաև «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանանը, Ռոբերտ Քաչարյանի որդի Լևոն Քոչարյանը։

Անդրանիկ Թևանյանին վարչական վարույթի շրջանակներում տեղափոխել են Քննչական կոմիտե։ Այս մասին գրել է նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Որևէ քրեադատավարական հիմք չի ներկայացվել»,-ասել է նա։

Փաստաբան Զորայր Հարությունյանն էլ հայտնում է, որ մայրաքաղաքի տարբեր փողոցներից ոստիկանական բաժիններ բերման ենթարկված 35 քաղաքացիների նկատմամբ քրեական վարույթներ չեն նախաձեռնվել։

«Երևան քաղաքի Արաբկիր, Էրեբունի ու Զեյթուն վարչական շրջանների ոստիկանության բաժիններ բերվածներն ազատ են արձակվել կամ ազատվելու ճանապարհին են: Քրեական վարույթներ չեն նախաձեռնվել, փոխարենը հարուցվել են վարչական վարույթներ»,- նշում է Հարությունյանը։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը, որը ևս ստանձնել էր բերման ենթարկված անձանց պաշտպանությունը, ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ պնդում է, որ բերման ենթարկված և ձերբակալված գրեթե բոլոր քաղաքացիները դաժանաբար ծեծի են ենթարկվել։

Ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման և դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել ՀՀԿ ԵԿ անդամ, Արցախցի Սլավիկ Աղաբալյանը, ում ընտանիքի անդամները այժմ գտնվում են Արցախում։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը, ով նաև լուսանկար է հրապարակել:

«Սլավիկ Աղաբալյանի հայրը հրաժարվել է զենքը վայր դնել և այս պահին Արցախում կռվում է, որ մեր հայրենակիցները չցեղասպանվեն»,-հավելել է նա:

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերն այսօր վաղ առավոտյան մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում: Այս մասին հայտնել է Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Բերման ենթարկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը:
Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ:
Պաշտպանը նաև կոչ է անում հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն և պահպանել օրենքով սահմանված պահանջները: Հավաքի խաղաղ բնույթը պետք է երաշխավորված լինի»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest