Եվրախորհրդարանի ավելի քան 60 անդամներ նամակ են հղել Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում իր լայնածավալ հարձակման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լոազոն։

«Ավելի քան 60 եվրոպացի պատգամավորներ հետևեցին ինձ՝ պահանջելով, որ Եվրոպան պատժամիջոցներ սահմանի Իլհամ Ալիևի վարչակարգի դեմ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա հարձակման համար», – հայտնել է Լուազոն՝ գրառմանը կցելով Բորելին ուղղված նամակի պատճենը։

Ինչպես ասվում է նամակի տեքստում, պատգամավորները ԵՄ-ին կոչ են անում միջոցներ ձեռնարկել էթնիկ զտումները և նոր պատերազմը կանխելու համար։

«Ադրբեջանը նոր հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Մենք կոչ ենք անում ԵՄ-ին անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ վերջ դնելու սկսվող էթնիկ զտմանը և թույլ չտալու, որ այս հարձակումը վերածվի նոր պատերազմի», – գրված է նամակում։

Պատգամավորները Բորելին հարցնում են, թե «ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման, և ինչպիսի պատժամիջոցներ է պատրաստվում կիրառել ԵՄ-ն հրադադարի ռեժիմը խախտելու համար պատասխանատու Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ»։

Սեպտեմբերի 20-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակման թեմայով։ Պատգամավորները դատապարտել են այդ լայնածավալ հարձակումը և ընդգծել Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest