Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում «Ժողովրդավարության արդյունքները» համաժողովում իր ելույթում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ չնայած ժողովրդավարության ոլորտում Հայաստանում առկա մի շարք ձեռքբերումներին, ներկայիս տարածաշրջանային զարգացումների բերումով ստիպված է անդրադառնալ հայկական ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերներին և սպառնալիքներին:

«Սա երկրորդ անգամն է, որ ես ելույթ եմ ունենում այս կարևոր միջոցառմանը, և երկրորդ անգամը, որ ես ստիպված եմ խոսել մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի և Ադրբեջանի հերթական ագրեսիայի մասին: Անցյալ տարի, մինչ մենք քննարկում էինք մեր ժողովրդավարական ուղու առջև առկա մարտահրավերներն ու սպառնալիքները, Հայաստանի ինքնիշխան տարածքն ագրեսիայի էր ենթարկվել Ադրբեջանի կողմից: Ցավոք, Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը շարունակվեց նաև այս տարի, և այս անգամ այն ուղղված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: 120 հազար մարդիկ՝ ներառյալ կանայք, երեխաներ և տարեցներ, ներկա պահին առերեսվում են իրենց կյանքի համար գոյութենական սպառնալիքի, քանի որ Ադրբեջանը փորձում է էթնիկ զտման ենթարկել և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին զրկել իրենց հայրենիքում անվտանգ, ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքից»,- նշել է Միրզոյանը։

ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հաշվի առնելով իրավիճակի բարդությունը, միջազգային հանրությունը պետք է հրատապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկի վերահաս ոճրագործությունը կանխելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու նպատակով:

Եզրափակելով իր ելույթը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է. — «Եթե մենք հիրավի ցանկանում ենք ապահովել ժողովրդավարության արդյունավետությունն ընդդեմ ավտորիտար պարտադրանքի, ժողովրդավարական աշխարհն իր ձեռքբերումները գովաբանելով հանդերձ, պետք է լուրջ քայլեր ձեռնարկի ընդդեմ առկա սպառնալիքների և մարտահրավերների՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքների և անվտանգության հարցերի ժամանակին հասցեագրումը՝ նպատակ ունենալով կանխել հանցագործություններից ամենածանրը՝ ցեղասպանությունը, և Հարավային Կովկասում խթանել արդար և տևական խաղաղություն»:

Մինչև համաժողովի մեկնարկը նախարար Միրզոյանը զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ շեշտելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը դադարեցնելու համար միջազգային միջամտության անհրաժեշտությունը, ասված է ԱԳՆ լրատվական վարչության հաղորդագրությունում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest