Եվրամիությունում քննարկել են «պատասխանելու տարբերակներ» այն անընդունելի միջոցներին, որոնք կիրառում է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հետ կապված։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում, Բրյուսելում լրագրողներին հայտնել է եվրոպական բարձրաստիճան աղբյուրը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Միշելի հեռախոսազրույցն Ալիևի հետ տեղի է ունեցել նախօրեին, սակայն Եվրոպական խորհրդի ղեկավարի մամուլի ծառայությունը զրույցի մանրամասներ չի հայտնել։
«Նախագահ Միշելը խորը հիասթափություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ, իրավիճակը շատ բարդ է, բացասական արձագանք կա միջազգային մակարդակով, այդ թվում՝ ԵՄ-ում, որտեղ առավոտյան (սեպտեմբերի 20-ին) քննարկումներ են եղել արձագանքման տարբեր տարբերակների շուրջ։
Բաքվի կողմից օգտագործվող միջոցներն ուղղակի անընդունելի են»,- ասել է աղբյուրը։ Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև մատնանշել է միջազգային հանրության մասնակցության կարևորությունը Ղարաբաղի էթնիկ հայերի անվտանգության ապահովման գործում։ «Նախագահ Միշելը նաև նշել է հումանիտար իրավիճակի վրա կենտրոնանալու կարևորությունը:
Ադրբեջանը պետք է ապահովի էթնիկ հայերի հանդեպ հարգանքն ու նրանց ապագան: Անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է միջազգային հանրության դերը», – ասել է եվրոպացի աղբյուրը: Նրա խոսքով՝ ԵՄ խորհրդի ղեկավարը նաև կոչ է արել Ալիևին անձնական դեր խաղալ՝ հաստատելով «լիարժեք հարգանք քաղաքացիների, ինչպես նաև միջազգային իրավունքի նկատմամբ»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: