Կառավարության շենքի դիմաց երեկ տեղի ունեցող հավաքի վերաբերյալ Ֆեյսբուքում առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառումներ կատարելու համար օգտատերեր Անի Կարապետյանին, «Tatevik VIrabyan»-ին և Վահան Լորեցյանին ձերբակալելու որոշում է կայացվել, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Ըստ քննչականի՝ Լորենցյանն իր գրառումներից մեկում, մասնավորապես, նշել է. — «Սաղդ հրապարակ, վերից վար սաղին ջարդել…», «Այս պահից լցվել հրապարակում: Դրանց ռադ անել…»։
«Tatevik VIrabyan» օգտատերն էլ մի քանի գրառումներով հայտարարել է․ — «Քաղաքը պիտի պարալիզացվի, պիտի զանգվածային անհնազանդություն լինի… Ինձ ինչ ուզում եք արեք, ասեք բռնության կոչ եմ անում, ոչ մի Արցախի բնակչից լավը չենք… Այո, զանգվածային անկարգություններա պետք, շենքեր գրավելա պետք…», «Մահ Նիկոլին, Ազատություն Արցախին», «Ավելացնում եմ, որ Նիկոլին իրա սրիկայախմբին պիտի գմփցնել, տրաքացնել»։
Անի Կարապետյան օգտատերն էլ նշել է․ — «Պետք է վերցնել կառավարության շենքը և ևս մի քանի պետական նշանակություն ունեցող շենքեր, որից հետո իմանալ, սատկած Նիկոլը որտեղ է գնալ սատկացնել նրան…», «Առավոտյան Երևանի գլխավոր փողոցները հարկավոր է կաթվածահար անել: Գիշերը պահեստավորեք մեքենաների անիվներ և դրանք վաղը կրակի տվեք կենտրոնական փողոցներում…»։
Ընդգծելով, որ նշված գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեքի դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ նույն հոդվածով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ (ՔՕ 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ)։
Ըստ քննչականի՝ միջոցներ են ձեռնարկվում նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Արցախի պաշտպանության բանակը երեկ հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ, կան տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։
Ավելի ուշ Երևանում բողոքի ակցիաներ մեկնարկեցին։ Կառավարության մոտ իրավիճակը լարվեց, ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին։ Բախումների հետևանքով նախնական տվյալներով տուժել է 34 անձ, որից 16-ը ոստիկան, 18-ը քաղաքացիական անձինք։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: