Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրել է, որ վերջին 24 ժամերին «ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի մարտիկները Լեռնային Ղարաբաղի առավել վտանգավոր շրջաններից շուրջ 2 հազար խաղաղ բնակիչների են տարհանել, նրանց կեսից ավելին՝ 1049-ը, երեխաներ են»։

Այս մասին նշված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։ Ռուսաստանցի զինվորականները նաև պնդում են, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները «շարունակում են կատարել իրենց վրա դրված պարտականությունները»։

«Թվով 30 դիտակետերում ռուսաստանցի խաղաղապահները շարունակում են շուրջօրյա ռեժիմով հետևել իրավիճակին և վերահսկել հրադադարի ռեժիմի պահպանումը», — նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Արցախի պաշտպանության բանակը երեկ հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ, կան տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:

Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, ապա հայտարարել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest