Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի նախագահի աշխատակազմը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Ադրբեջանի Հանրապետությունը սեպտեմբերի 19-ից հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։

Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:

Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների:

Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:

Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest