Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ քաղաքային իշխանությունում կհայտնվեն հինգ ուժեր, սակայն նրանցից ոչ մեկը մեծամասնություն չունի։

Ավելի քան 234 հազար ընտրողների ձյաները բաշխվել են այսպես. Տիգրան Ավինյանին առաջադրած «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ավելի քան 75 հազար քվե կամ ձայների 32.5 տոկոսը, Հայկ Մարությանին առաջադրած «Ազգային առաջընթացը»՝ ավելի քան 43 հազար քվե կամ ձայների 18,9 տոկոսը, Անդրանիկ Թևանյանին առաջադրած «Մայր Հայաստան» դաշինքը՝ 15,4 տոկոսը, Արտակ Զեյնալյանի՝ Արտակ Գալստյանին առաջադրած  «Հանրային ձայնը»՝ 9,7 տոկոսը։ Մյուս կուսակցությունների հավաքած ձայները անցողիկ 4 տոկոսից պակաս են։

Սեպտեմբերի 24-ին պարզ կլինի մանդատների վերջնական բաշխումը, մինչ այս առկա տվյալներով Երևանի ավագանու 65 մանդատներից 24-ը կստանա «Քաղաքացիական պայմանագիրը», 14-ը՝ Ազգային առաջընթացը, 12-ը՝ «Մայր Հայաստանը», 8-ը՝ «Հանրապետությունը» և 7-ը՝ «Հանրային ձայն» կուսակցությունը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանից դեռ որևէ կերպ չեն մեկնաբանում ընտրությունների արդյունքերը և իրենց հետագա գործողությունները։ Հեռախոսազանգերի չեն պատասխանում իշխող ուժի թեկնածու Տիգրան Ավինյանը,  ՔՊ նաըхնտրական շտաբի ղեկավար Արմեն Փամբուխչյանը և վարչության այլ անդամներ, իսկ նախընտրական շտաբում առանցքային դեմքերից որևէ մեկը չկար։ Միայն Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էր, որը հայտարարեց, թե այս պահին նշված հարցերին պատասխանելու հրատապություն չկա։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր քաղաքական ուժի հետ են պատրաստվում համագործակցել և որի հետ են բացառում համագործակցությունը։ «Կուսակցության ղեկավար կազմը դեռևս քննարկում չի իրականացրել։ Այս պահին որևէ հստակ բան չեմ կարող ասել»,- ասաց Գալջյանը։

Քվեներով երկրորդ տեղը զբաղեցրած Հայկ Մարությանն ընդհանրապես չի մեկնաբանում, թե ո՞ր ուժերի հետ և ինչ պայմաններով կհամագործակցի։ Նա զանգերի չի պատասխանում։ Նրա թիմից ասում են, որ ավելի ուշ կանդրադառնան այս հարցերին։

«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը անցած քաղաքական ուժերի հետ համագործակցության, եթե նրանք կիսեն ամբողջական իշխանափոխության օրակարգը։

«Ունենք կոնկրետ սկզբունքներ, որոնց համաձայն կարող ենք այս կամ այն ուժի հետ համագործակցել։ Այդ սկզբունքները երեքն են։ Առաջինը՝ պետք է գնահատական տրվի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Երկրորդը՝ այն ուժը, որը հավակնություն ունի մեզ հետ համագործակցելու, պետք է որևէ պարագայում հնարավոր չտեսնի «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունը։ Եվ երրորդը՝ ամբողջական իշխանափոխության մեր ծրագիրը կիսելն է։ Այս առումով բաց ենք քննարկումների համար։ Մենք կարող ենք այդ քննարկումները վարել և ստանալ կոնկրետ արդյունքներ»,- ասաց Թևանյանը։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ են «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ կոալիցիա կազմելը և, եթե, այո, ապա պատրա՞ստ են աջակցել Հայկ Մարությանին՝ որպես քաղաքապետի թեկնածու, Թևանյանը պատասխանեց, որ ներկայումս որպես այդպիսին բանակցություններ չկան։

«Մենք տեսել ենք հանրային հնչեցրած տեսակետներ, և  մեր սկզբունքը ու մոտեցումը հետևյալն է, որ պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր տիպի ձևաչափերը այն պարագայում, երբ ուժը կիսում է մեր մոտեցումները ամբողջական իշխանափոխության ծրագրի մասով։

Կոնկրետ Հայկ Մարությանի մասով, տեսնելով այն ձայները, որ հավաքել է ոչ իշխանական դաշտից, ապա մենք հետևյալ սկզբունքով ենք առաջնորդվում, որ կարող ենք օգնել, որպեսզի ինքը համապատասխան ձայներ հավաքի և կանենք այն դեպքում, եթե պարզվի, որ ինքը կիսում է մեր օրակարգը ամբողջական իշխանափոխության մասով։ Ի սկզբանե հայտարարում ենք, որ որևէ պաշտոնի կամ որևէ վերահսկողական լծակ վերցնելու չենք հավակնում, եթե հնարավոր համագործակցություն տեղի ունենա»,- ասաց Թևանյանը։

«Հանրային ձայն» կուսակցության փաստացի ղեկավար Վարդան Ղուկասյանը, հաշվի առնելով, որ «Հանրային ձայնի» դիրքորոշումը մեծ դեր է ունենալու Երևանի քաղաքապետի ընտրության հարցում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջերից մեկով ուղիղ եթերում հայտարարեց, որ Հայկ Մարությանի և Անդրանիկ Թևանյանի հետ պատրաստ է կոալիցիա կազմել, սակայն ունի իր պայմանները։

«Հանրային ձայն կուսակցությունն իմ դեմքով հայտարարում է, որ բացում է իր դռները բոլոր իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունների համար, ովքեր դեմ են այս իշխանություններին միանալու, կոալիցիա կազմելու։

Ես հասկանում եմ, որ հիմա գնալու է ամբիցիոզ քննարկում՝ ո՞վ է լինելու քաղաքապետը, ո՞վ, Արտակ Գալստյա՞ն, Հայկ Մարությա՞ն, թե՞ Անդրանիկ Թևանյան։ Ես գտնում եմ, որ այդ հարցը լուծելի է և կարելի է քննարկել։ Քննարկել ավելի շուտ դռնբաց։ Ես ուզում եմ, որ երևանցին, իմ ընտրողը և այս ընդդիմադիր կուսակցություններին ընտրողներն օնլայն նստեն և դիտեն այս երեք կուսակցության ղեկավարները՝ ես, Հայկ Մարությանը և Անդրանիկ Թևանյանը, ինչպես են ցանկանում կառավարել Երևանը։ Ես դողում եմ իմ յուրաքանաչյուր ձայնի վրա, և երևանցին պետք է տեսնի՝ ով ինչ պայման է տալիս, ով ինչ խաղեր է տալիս։

Ես ասում եմ, որ եթե գա մի պահ, որ ես զգամ, որ ոչ, երկու կողմերն ասում են՝ մենք չենք ուզում ձեզ մոտից քաղաքապետ, ես դրան էլ եմ համաձայն։ Բարի, եկեք որոշենք ձեզանից ով լինի քաղաքապետ։ Ձեզանից ցանկացածին ես կողմ եմ։  Բաց մեկ պայմանով։ Վերահսկողական բոլոր վարչությունները տրվելու են «Հանրային ձայնին»։ Դուք դառնում եք քաղաքապետ, վերահսկողական ապարատն անցնում է իմ կադրերին, այսինքն՝ ինձ»,- հայտարարեց Վարդան Ղուկասյանը։

Քաղաքական ուժերն այս պահին այս մեկնաբանություններից ավել այլ տեղեկություն չեն ցանկանում հայտնել։

Նարեկ Կիրակոսյան

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest